Թովմաս Գրիգորյան. Վանաձորի մարզադաշտը կվերանորոգվի

Թովմաս Գրիգորյան. Վանաձորի մարզադաշտը կվերանորոգվի

Նորաստեղծ «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում խոսել է Վանաձոր քաղաքի մարզադաշտի վերանորոգման և մի քանի այլ ուշագրավ հարցերի շուրջ.

«Ցանկանում եմ ներողություն խնդրել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 14-ին կայացած խաղի ժամանակ պատճառված անհարմարությունների համար: Շատ երկրպագուներ, ցավոք, չեն կարողացել ներկա գտնվել եւ տրիբունայից հետեւել խաղին:

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս տարի սկսում ենք Վանաձորի քաղաքային ստադիոնի վերանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո Լոռու մարզը կունենա ժամանակակից մարզադաշտ, որտեղ ֆուտբոլ դիտելը երկրպագուների համար կդառնա ժամանցի լավագույն տարբերակներից մեկը: Այժմ, ինչպես ակումբի, այնպես էլ ֆուտբոլիստների եւ, ինչու ոչ, երկրպագուների համար անցումային ժամանակահատված է: Կոչ եմ անում լինել համախմբված եւ համբերատար այս շրջանում:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տեղադրված գրառումներին՝ «Լոռի» ՖԱ-ում վանաձորցի ֆուտբոլիստների բացակայության մասին, նշեմ, որ մեր ակումբում են խաղում Լոռու մարզը ներկայացնող երկու ֆուտբոլիստ՝ թիմի ավագ Գուրգեն Մաթեւոսյանը եւ Դավիթ Փարեմուզյանը: Եվ ավագի թեւկապը վանաձորցուն վստահելը պատահականություն չէ:

Մենք Վանաձորում ունենք նաեւ ժամանակակից ֆուտբոլի ակադեմիա, որի լավագույն սաները կհամալրեն ինչպես «Լոռին», այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի այլ թիմերը, եւ, գուցե, կարիերան շարունակեն Եվրոպայում:

Զինվենք համբերությամբ եւ հաջողությունն անխուսափելի կլինի»,- հայտարարությունը տարածել է «Լոռիի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում