«Ռեալը» կրկին հաղթեց «Բարսելոնային» և դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Ռեալը» կրկին հաղթեց «Բարսելոնային» և դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ 7-րդ տիտղոսը նվաճեց՝ հաղթելով Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։

Գավաթակիր «Բարսելոնայի» հետ առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնն առավելության էր հասել 3։1 հաշվով, իսկ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։

Խաղը հենց մեկնարկից անհաջող դասավորվեց կատալոնացիների համար։ 4-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն․ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը միայն հայացքով ուղեկցեց գնդակը։

Հյուրերն առաջին կեսում աչքի չընկան համակարգված գործողություններով և առանձնապես վտանգավոր պահեր չստեղծեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասի մոտ, իսկ «սերուցքայինները» նախքան ընդմիջում ևս մեկ գոլ խփեցին։ 39-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո «Ռեալի» առավելությունը կրկնապատկեց Կարիմ Բենզեման։

Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։ Այսպիսով, Զինեդին Զիդանի թիմը, երկու խաղի արդյունքում առավելության հասնելով 5։1 հաշվով, դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։

Իսպանիայի սուպերգավաթ, պատասխան հանդիպում

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 2։0
Գոլերը՝ Ասենսիո 4՛, Բենզեմա 39՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում