Նմանություն «Այաքսի» ու «Բանանցի» միջև. Արամ Ոսկանյանը բացատրում է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց» – «Ալաշկերտ» (2:2) հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Երրորդ անընդմեջ մրցավեճի խաղասկզբում գոլ ենք բաց թողնում: Հավանաբար կենտրոնացվածության պակասի հետևանքով է: Պետք է մարզիչներով աշխատենք, որպեսզի պարզենք պատճառները: Չի կարելի այսպես «շռայլ» լինել: Հայաստանում բարդ է այն թիմերի համար, որոնք պարտվողի դերում են հայտնվում, որովհետև յուրաքանչյուր սխալ կարող է գոլային հակագրոհի հանգեցնել:

Երկրորդ կեսում կոպիտ սխալ թույլ տվեցինք ստանդարտի ժամանակ: Մարզումների ժամանակ զգուշացրել ենք, որ մինչև խաղում դադար չլինի, նրանք ուշադիր լինեն, սակայն գոլի դրվագում կորցրել էին իրենց հսկողության տակ գտնվող ֆուտբոլիստներին: Շնորհակալ եմ թիմին, որ կարողացան հետ բերել կորցրածը»,- ասաց Ոսկանյանը։

Հանդիպման առաջին կեսում ու երկրորդի սկզբում «Բանանցը» «պաշտպանությունից դուրս գալիս» բազմաթիվ սխալ փոխանցումներ էր կատարում, որոնցից հետո գնդակը լքում էր դաշտի սահմաները: Sport.Times.am-ը փորձեց պարզել, թե ինչն էր այդքան մեծ խոտանի պատճառը․

«Կար նման խնդիր: Պահեր կային, երբ պաշտպանությունից դանդաղ էինք դուրս գալիս: Փորձում էինք լավագույն տարբերակն ընտրել, ինչը խանգարում էր տեմպին: Ի տարբերություն մեզ, մրցակիցը հիմնականում երկար փոխանցումներով էր գործում: Նաև պետք է կատարողական վարպետությունը հաշվի առնել»:

Այսօր կենտրոնական հարձակվողի դիրքում Նենադ Ինյացի փոխարեն մեկնարկային կազմում գործում էր Նորայր Գյոզալյանը: «Բանանցի» մարզիչը բացատրեց իր որոշումը․

«Այսօր այնպիսի տակտիկա էինք ընտրել, որում ավելի օգտակար կարող էր լինել մանր ու միջին փոխանցումների ֆուտբոլում իրեն ավելի լավ զգացող Գյոզալյանը»:

Ոսկանյանին հարցրեցին՝ ե՞րբ «Բանանցը» կայուն ֆուտբոլ կխաղա:

«Մեր ցուցադրած ֆուտբոլով կայունությանը դժվար է արագ հասնել: Մենք կարող ենք զգույշ ֆուտբոլ դավանել ու այդկերպ կայուն լինել, սակայն հարձակվողական ոճով ենք խաղում: Ափսոսում եմ, որ մարզադաշտում այսօր այդքան քիչ մարդ կար, որովհետև այս ֆուտբոլը` բազմաթիվ գոլերով ու գոլային պահերով պետք է գրավիչ լինի ֆուտբոլասերի համար»:

«Բանանցի» կազմում այս ամռանը շատ նորեկներ կան: Նորերին սպասելու վերաբերյալ մարզիչն ասաց.

«Հնարավոր է՝ նորեկներ լինեն: Եթե դա տեղի ունենա, ապա հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է սպասվում»:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում երևանյան ակումբից նաև հեռացողներն էին շատ: Sport.Times.am-ը Ոսկանյանին հարցրեց, թե այդ խաղացողներից ո՞ւմ կորուստի համար է ավելի շատ ափսոսում:

«Չեմ ափսոսում, սակայն դա չի նշանակում, որ այդ ֆուտբոլիստներին խոստումնալից չեմ համարում: Պարզապես մեր թիմին ինչ-ինչ պատճառներով նրանք չեն համապատասխանել: Այդ ֆուտբոլիստներից ոմանց օգնել եմ Հայաստանում նոր գտնելու հարցում: Ակումբի համար պատիվ է, որ այլ թիմերում շատ են մեր սաները: Այսօր հայկական ֆուտբոլում խաղացողների 90 տոկոսը «Բանանցի» ու «Փյունիկի» ակադեմիայից են դուրս եկել: Մենք չենք կարող մեր բոլոր 600 սաներին շանս տալ: Եվրոպական ֆուտբոլում այդպես է «Այաքսի» դեպքում: Նրանք բազմաթիվ սաներ ունեն Եվրոպայում, սակայն իրենց կազմում կարող է 6-7 լեգիոներ լինել: «Բանանցից» հեռացածների հետ նորմալ ենք բաժանվել, հետագայում կարող ենք կրկին միասին աշխատել»:

Արթուր Ավագյանը երկար ընդմիջումից հետո հայտացուցակում էր, ինչի վերաբերյալ մարզիչն Արամ Ոսկանյանն ասաց հետևյալը․

«Արթուր Ավագյանին ծրագրել էինք երկրորդ կեսում ասպարեզ դուրս բերել: Վստահ եմ` նա կակտիվացներ մեր ձախ եզրը: Ցավոք, հարկադրված երկու փոփոխություններից հետո ստիպված էինք Արթուրին խաղադաշտ դուրս չբերել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում