Արտակ Եդիգարյան. «Ալաշկերտում» հոգեբանական խնդիր կա

Հայաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Բանանց» – «Ալաշկերտ» հանդիպման (2:2) գլխավոր դերերից մեկում Արտակ Եդիգարյանն էր, ով դարձավ գոլի հեղինակ: Խաղի շուրջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը զրուցել է Sport.Times.am-ի հետ:

Հանդիպման ընթացքում «Ալաշկերտը» երկու գնդակի առավելություն ուներ, վերահսկում էր խաղի ընթացքը, սակայն վերջին 20 րոպեներին մրցակցին թույլ տվեց քամբեք կատարել:

«Ամեն ինչ վատ ստացվեց մեզ համար: 2:0 հաշվով առաջ էինք, սակայն ցավալի է, որ կորցրեցինք առավելությունը: Ֆուտբոլում նման բաներ պատահում են: Եթե ցանկանում ենք կրկին առաջատար լինել, պետք է չկրկնենք այս սխալները: Վատ է նաև այն, որ բազմաթիվ գոլային պահերի քիչ տոկոսն ենք իրացնում: Պետք է առավելագույնը քաղենք նման պահերից»,- ասաց Եդիգարյանը։

Մեկնարկած առաջնությունում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ չեմպիոնը կորցնում է առավելությունը: «Շիրակի» հետ խաղում դա նույնիսկ պարտության բերեց: Արտակ Եդիգարյանն կարծում է՝ խնդիրը հոգեբանական է․

«Հոգեբանական խնդիր է: Առաջին գոլից հետո հիասթափություն ապրեցինք: Այնուամենայնիվ հաշիվը դեռ մեր օգտին էր, պետք է պահպանեինք հաղթանակը»:

«Բանանցի» հետ մրցավեճի հաշիվը բացվեց հենց Արտակի գոլի շնորհիվ, որը գրանցվեց տուգանային հարվածով: Ֆուտբոլիստը գոլի վերաբերյալ ևս իր մեկնաբանությունը տվեց․

«Չէի ծրագրել այնպես հարվածել, որ գնդակը դարպասին հասնելուց առաջ դիպչեր խոտածածկին: Մարզումների ժամանակ փորձարկումներ ենք անում, հարվածներ կատարում տարբեր դիրքերից: Ամեն անգամ տարբեր կերպ է ստացվում: Գլխավոր նպատակը գոլ խփելն է: Նույնիսկ երբ թվաց, թե դարպասապահը մոտ է գնդակը որսալուն, միևնույն է սպասում էի գոլին: Յուրաքանչյուր տուգանային հարվածի ժամանակ պետք է կենտրոնցած լինեմ, որովհետև հնարավոր է միայն այդ մեկ շանսն ունենամ»:

27-ամյա ֆուտբոլիստը մասնակցություն ունեցավ նաև խաղի վճռորոշ դրվագին: «Բանանցի» երկրորդ գոլի ժամանակ վիճելի դրվագ էր, որովհետև տեսագրություն չկար պարզելու համար, թե արդյոք գնդակը հատել է դարպասային գիծը: Այդ պահին գնդակը հեռացնողը հենց Արտակն էր:

«Չեմ կարող վստահորեն ասել՝ գո՞լ կար, թե՞ ոչ: Իմ կարծիքով` գնդակը չէր հատել դարպասային գիծը: Մրցավարն այլ կերպ որոշեց…»,- խոսքը եզրափակեց Արտակ Եդիգարյանը։

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում