Աշխարհի առաջնություն. Մեկ քայլ երկրորդ ոսկե մեդալի համար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 2014 թվականից հետո այս առաջնությունը կարող է դառնալ երկրորդը, որտեղ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կկարողանան երկու ոսկե մեդալ նվաճել:

Մրցումային առաջին օրը 98 կգ քաշային, արդեն աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ապացուցեց, որ դեռևս ուժեղագույնն է իր քաշային կարգում, իսկ Ռիգայում նվաճած բրոնզե մեդալը միայն պատահականություն էր:

Այսօր պայքարի մեջ մտած Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) մեկը մյուսի հետևից գեղեցիկ գոտեմարտեր անցկացրեց և եզրափակչում կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտան 59, 66 և 80 կգ քաշային ըմբիշները: Ըմբիշների գոտեմարտերի արդյունքները ներկայացնում ենք ստորև։

59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վազգեն Խաչատրյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 8:3 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ը ներկայացնող Իլդար Հաֆիզովի նկատմամբ: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը Ասիայի գործող չեմպիոն, ճապոնացի Կենչիրո Ֆումիտան էր: Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ` 0:8 հաշվով հայ ըմբիշը պարտություն կրեց: Քանի որ ճապոնացի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, Վազգեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացավ: Ցավոք, նա 4:6 հաշվով զիջեց Յուստաս Պետրվիսկուսին (Լիտվա) և դուրս մնաց պայքարից:

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից՝ ժամանակից շուտ` 8:0 հաշվով առավելության հասնելով եգիպտացի Աբդուհալիմա Մոհամեդի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց հունգար Մատե Կրասժային (4:2), սակայն քառորդ եզրափակչում լարված գոտեմարտում 1:2 հաշվով զիջեց կորեացի Հանսյու Ռյուին: Վերջինս հասավ մինչև եզրափակիչ, և Ասլանյանը սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացավ, որտեղ նրա մրցակիցը Կարման Մամեդովն էր․ Ասլանյանը հաղթեց տուշեով: Այսպիսով, Կարենը երրորդ տեղի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Արտյոմ Սուրկովի հետ:

80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որում բացահայտ` 10:1 առավելության հասավ Յուսուֆ Ահմեդ Ղադերիայի (Իրան) նկատմամբ: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը շվեդ Ալեքս Բյուրբերգն էր, գոտեմարտը ավարտվեց 8:4 հաշվով` հօգուտ հայ ըմբիշի: Քառորդ եզրափակչում Մաքսիմը 3:0 հաշվով հաղթեց Գերմանինա ներկայացնող Պասկալ Էյզելեին, իսկ կիսաեզրափակչում տուշեով պարտության մատնեց Զուրաբի Դաթունաշվիլուն (Վրաստան):

Եզրափակչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Ռադիկ Կուլիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում