«Բարսելոնան» դատի է տվել Նեյմարին

«Բարսելոնան» Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայց է ներկայացրել հարձակվող Նեյմարի դեմ: ԻՖՖ-ն պետք է այդ հայցը քննարկման դնի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՖԻՖԱ-ի հետ,- գրում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Կատալոնական ակումբը պահանջում է, որ բրազիլացին վերադարձնի 8,5 միլիոն եվրոն, որը 2016 թվականին համաձայնագիրը երկարաձգելու համար նա ստացել է որպես «հավատարմության պարգևավճար»: «Բլաուգրանան» պնդում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները, այն է` մինչև համաձայնագրի ավարտը (2021 թվականի ամառը) չի մնացել «Բարսելոնայում»: Փոխարենը, Նեյմարն ինքնուրույն վճարել է իր հրաժարագինը:

«Կապտանռնագույնները» պահանջում են նաև այդ գումարի 10 տոկոսի չափ փոխատուցում վճարել բոնուսն ուշ վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ Նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում