Լևոն Ջուլֆալակյան. Մեր ելույթները գերազանց եմ համարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Փարիզում ավարտված աշխարհի առաջնությունից հետո զրուցել է Sport.Times.am-ի հետ։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձել են աշխարհի չեմպիոն:

Գնահատական ու համեմատություն

«Բնականաբար, սա լուրջ հաջողություն է, կարելի է ասել՝ գերազանց: Տաշքենդում (2014 թվականին-խմբ.) նույնպես երկու ոսկե մեդալ նվաճեցինք՝ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Այն ժամանակ կրկին միայն մենք երկու չեմպիոն ունեինք: Մեր ելույթները գերազանց եմ համարում, սակայն նշեմ՝ Հայաստանի հավաքականն ավելիին էր ունակ ու արժանի: Եղան նաև սայթաքումներ: Մեդալ էի սպասում Վարշամ Բորանյանից, Կարապետ Չալյանից: Մոտ էր մեդալին նաև Կարեն Ասլանյանը: Առաջնությանը լավ էինք նախապատրաստվել՝ ուսումնամարզական հավաքներով ու մրցաշարերով: Սպասում էի այս հաջողություններին»:

Մաքսիմ Մանուկյանը չեմպիոն դարձավ քաշային կարգը փոխելուց հետո…

«Բոլորդ գիտեք, որ Մաքսիմ Մանուկյանը շատ տաղանդավոր ըմբիշ է: Բայց 85 կգ քաշային կարգում հզորությունը չէր բավարարում: 80 կգ քաշային կարգում նա կարողացավ ցուցադրել այն, ինչին ընդունակ է: Նա լիովին արժանի էր ոսկե մեդալին` իր անցած ճանապարհով ու գոտեմարտերով: Այս աշխարհի առաջնությունում նա բոլորին գերազանցում էր, ինչն ապացուցեց գորգի վրա»:

Վազգեն Խաչատրյանի ու Կարեն Ասլանյանի ելույթների մասին

«Վազգեն Խաչատրյանից գոհ չեմ: Նրան հարկավոր էր փորձ հավաքել, նա դեռ մոտ չէ մեդալներին: Կարեն Ասլանյանից նույնպես դժգոհ եմ, որովհետև նա ավելին կարող է անել, բայց դեռ չի ստացվում: Դեռ մանկական մոտեցում կա նրա մոտ, այն դեպքում, երբ այդ տարիքը վաղուց անցել է: Ժամանակն է մեծահասակների գոտեմարտ վարելու: Դժգոհ եմ նրա ոճից, որի վրա երկար տարիներ աշխատում ենք, բայց այն դեռ չի գոհացնում ինձ»:

 Փարիզից՝ Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում