Ըմբշամարտում կարևոր փոփոխություններ են սպասվում

Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, գործող ներկայիս կանոններով գրեթե կորցրել է դիտարժանությունը: Համենայն դեպս, այս համոզմանն է մասնագետների ճնշող մեծամասնությունը:

Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին ընթանում էր UWW համաժողովը, որտեղ քննարկվել են մարզաձևում անհրաժեշտ մի շարք էական փոփոխությունների հետ առնչվող հարցեր:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միջազգային օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որը Փարիզում էր որպես մրցավար, ներկայացրել է ակնկալվող փոփոխությունները.

«Նախնական տարբերակով 2018 թ. հունվարի 1-ից հունահռոմեական ըմբշամարտում վերականգնվելու է պարտեր դրությունը, բայց ոչ թե չորեքթաթ դիրքով, ինչպես նախկինում էր, այլ՝ պառկած: Իսկ մրցակիցն աշխատել սկսելու է կողքից, այլ ոչ թե թիկունքից: Առաջին երկու րոպեներին միավոր չլինելու դեպքում նախատեսվում է պասիվ ըմբիշին նկատողություն եւ պարտեր դիրք, իսկ ակտիվ ըմբիշին՝ մեկ միավոր: Երկրորդ մրցափուլում պասիվ մարզիկին կտրվի պարտեր դրություն, մրցակցին՝ մեկ միավոր: Բայց դա կլինի երկրորդ մրցափուլի ոչ թե վերջին րոպեին, այլ գոտեմարտի 4:30-րդ րոպեին: Սրանք փոփոխությունների նախնական տարբերակներն են, որոնք ուժի մեջ մտնելու են եկող տարվա հունվարի 1-ից: Վերջնական հաստատված կանոնները UWW-ն ազգային ֆեդերացիաներին պետք է որ ուղարկի մինչեւ դեկտեմբեր:

Բոլոր ոճերում ավելանալու են քաշային կարգերը՝ ութից հասնելով տասի. ազատ ոճում 57-61-65-70-74-79-86-92-97-124, հունահռոմեականում՝ 55-60-63-67-73-77-82-87-97-130:

Եվ վերջինը. 2018 թվականին մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. Առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: Դա կշարունակվի մինչեւ 2018 թվականի վերջ: 2019 թվականից երկրորդ օրվա +2 կիլոգրամի առավելությունը կհանվի: Այսինքն, ըմբիշները երկու օրն էլ պետք է կշռեն սահմանված «մաքուր քաշի» սահմաններում», – ՀԱՕԿ-ի կայքի հետ զրույցում ասել է Ավետիք Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում