US Open-ը մեկնարկեց. Շարապովան հաղթել է աշխարհի 2-րդ ռակետին, Ֆերերը պարտվել է (տեսանյութ)

Նյու Յորքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշարը` ԱՄՆ-ի բաց առաջնությունը (US Open):

Կանանց մրցաշարում կենտրոնական հանդիպումը կայացել է Մարիա Շարապովայի ու աշխարհի երկրորդ թենիսիստուհի Սիմոնա Հալեպի միջև: Գրանցվել է 6:4, 4:6, 6:3 հաշիվը: Աշխարհի 146-րդ ռակետի հաջորդ մրցակիցը դառնալու է հունգարուհի Տիմեա Բաբոշը:

Անակնկալ պարտություն է կրել WTA-ի 7-րդ ռակետ Ջոաննա Կոնտան, ով 6:4, 3:6, 4:6 հաշվով զիջել է սերբ Ալեքսանդրա Կրունիչին:

Կանանց մրցաշարի չեմպիոնության հավակնորդներից հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Պետրա Կվիտովան, Գարբինե Մուգուրուսան, Կարոլին Գարսիան, Սլոան Սթիվենսը, Վինուս Ուիլյամսը, Եկատերինա Մակարովան, Կարոլինա Վոզնիացին ու Դոմինիկա Ցիբուլկովան:

Տղամարդկանց մրցաշարում հիմնականում առավելության են հասել զույգերի ֆավորիտները: Փոքր-ինչ անակնկալ գրանցվել է Դավիդ Ֆերերի մրցավեճում․ իսպանացին 6:4, 3:6, 2:6, 1:6 հաշվով զիջել է Ղազախստանը ներկայացնող Միխայիլ Կուկուշկինին:

Հաջորդ փուլ դուրս եկածների թվում են նաև Պաբլո Կարենո Բուստան, Մարին Չիլիչը, Ժո Վիլֆրեդ Ցոնգան, Ջոն Իզները, Միշա Զվերևը, Ալեքսանդր Զվերևը և Սեմ Քուերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում