Արթուր Ոսկանյան. Ռուսաստանը ուժեղ մրցակից է, աշխատելու ենք լավ խաղալ

«ՌԺԴ-Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցել Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի և հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ այսօր ԵԱ-2019-ի շրջանակում Հայաստանի երիտասարդական ընտրանին հյուրընկալվելու է Ռուսաստանի իր հասակակիցների թիմին:

– Ո՞ր արդյունքը բավարար կլինի Ձեր թիմի համար Ռուսաստանի հետ մրցավեճում։ (Հարց Հակոբ Հակոբյանին)

– Յուրաքանչյուր հանդիպման մենք դուրս ենք գալիս միայն հաղթելու նպատակով։ Կարևոր չէ խաղը պաշտոնական է թե ընկերական։ Նույնը վերաբերվում է այս խաղին, կփորձենք հասնել առավելագույն արդյունքի։

– Ինչքանո՞վ դժվար կլինի հասնել դրական արդյունքի և ո՞րն են Ռուսաստանի հավաքականի ուժեղ կողմերը։ (Հարց Հակոբ Հակոբյանին)

– Ռուսաստանի հավաքականը մեր խմբի ֆավորիտն է և շատ դժվար մրցակից է մեր համար, բայց եթե մենք հստակ կատարենք մարզչի առաջադրանքները և խաղանք մեր խաղը, ապա կկարողանանք հաջողության հասնել։

– Ու՞մ կարող եք առանձնացնել Ռուսաստանի հավաքականում։ (Հարց Հակոբ Հակոբյանին)

– Մենք դիտել ենք Ռուսաստանի հավաքականի խաղը։ Չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին, դժվար մրցակից է և ծանր խաղ է լինելու։

– Ձեր կարծիքը Ռուսաստանի հավաքականի մասին։ (Հարց Արթուր Ոսկանյանին)

– Համամիտ եմ Հակոբի գնահատականի հետ, ուժեղ մրցակից է, աշխատելու ենք լավ խաղալ։

– Ի՞նչ վիճակում է թիմը, կան արդյոք կորուստներ, վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ։ (Հարց Արթուր Ոսկանյանին)

– Ցավոք, այո։ Երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով բացակայում են։ Պետրոս Ավետիսյանը և Էրիկ Վարդանյանը, որոնք մեծ ուժ էին հարձակման գծում։

– Արդյո՞ք Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո տղաների մոտիվացիան էլ ավելի աճել է։ (Հարց Արթուր Ոսկանյանին)

– Իհարկե։ Մենք լավ թիմ ունենք, լավ ֆուտբոլիստներ ունենք։ Իրենք լավ են ճանաչում միմյանց, քանի որ հիմնականում երկու թիմերից են` «Փյունիկից» և «Բանանցից»։ Մենք կարող ենք լավ խաղ ցուցադրել, ինչը ցույց տվեցին երկու ընկերական խաղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում