ԱԱ-2018․ Հայաստանի հավաքականը, խաղալով 10 հոգով, պարտվեց Ռումինիային (տեսանյութ)

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Ռումինիային։ Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին։

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսն անհաջող սկսվեց Արթուր Պետրոսյանի սաների համար. 54-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց, իսկ մեր ընտրանու դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային։ Նշակետին մոտեցավ Բոգդան Ստանկուն, ում չհաջողվեց գրավել Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը։

Հայաստանի հավաքականը, խաղալով 10 հոգով, մինչև հիմնական ժամանակի ավարտն անառիկ պահեց դարպասը, սակայն 91-րդ րոպեին Ռումինիային հաջողվեց հաղթանակի հասնել․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդրու Մաքսիմը։

Այժմ E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

  1. Լեհաստան – 7 խաղ – 16 միավոր
  2. Մոնտենեգրո – 7 խաղ – 13 միավոր
  3. Դանիա – 7 խաղ – 13 միավոր
  4. Ռումինիա – 7 խաղ – 9 միավոր
  5. Հայաստան – 7 խաղ – 6 միավոր
  6. Ղազախստան – 7 խաղ – 2 միավոր

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ հյուրընկալելով Դանիայի ընտրանուն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում