Հարեիդե. Լեհաստանին հաղթելուց հետո դժվար է Հայաստանի հետ խաղին տրամադրվել

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի ութերորդ տուրի՝ Հայաստան – Դանիա հանդիպումից առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Ագե Հարեիդեն պատասխանեց լրագրողների հարցերին:

Դանիացիների մարզիչը նախ ասաց, թե Լեհաստանի նկատմամբ հաղթանակից (4:0) հետո թիմը որքանով է պատրաստ պայքարել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար․

«Հաղթանակից հետո լավ վիճակում ենք, շրջանցել ենք Ռումինիային: Եթե նույնկերպ շարունակենք, կնվաճենք եզրափակիչ փուլի ուղեգիր։ Բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են ու պատրաստ են առաջիկա հանդիպմանը։ Մեկնարկային կազմը կորոշեմ այսօրվա մարզումից հետո»:

Հարեիդեն իր կարծիքն արտահայտեց հայկական ֆուտբոլի մասին.

«Դանիայում կայացած խաղում մեր թիմը մեծ առավելություն ուներ: Հայկական ֆուտբոլին ծանոթ եմ առանձին ֆուտբոլիստների միջոցով, հատկապես Հենրիխ Մխիթարյանի, ով իր բարձր կարգն ապացուցել է Գերմանիայում ու Անգլիայում: Հիմա բոլոր երկրներն էլ սովորել են լավ ֆուտբոլ խաղալ և որակյալ ֆուտբոլիստներ աճեցնել»:

Դանիայի հավաքականի մարզիչը նաև խոսեց Լեհաստանի հետ խաղում ծախսած մեծ ուժերի ու Հայաստանի շոգի մասին․

«Եղանակն իսկապես խնդիր է, բայց չեմ կարծում, թե այն մեծ արգելք կդառնա: ժամը 18:00-ից հետո ջերմաստիճանը սկսում է համեմատաբար ընկնել: Թիմի ֆիզիկական վիճակի մասին այդքան էլ չեմ անհանգստանում: Ավելի շատ մտորելու տեղիք է տալիս հոգեբանական գործոնը, քանի որ Լեհաստանին հաղթելուց հետո դժվար է տրամադրվել Հայաստանի դեմ մրցավեճին»:

Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

 

Հայկ Հովհաննիսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում