Հայաստանի հավաքականը վերջնականապես զրկվեց Մունդիալի ուղեգրից (տեսանյութ)

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Դանիային և զրկվեց Ռուսաստանում կայանալիք մրցաշարին մասնակցելու հնարավորություններից։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին․ Ռուսլան Կորյանը մոտ 25 մետրից կատարած ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց տանտերերին: 16-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը․ գլխի հարվածով աչքի ընկավ Թոմաս Դիլեյնին։ 29-րդ րոպեին սկանդինավներին առաջ մղեց Կրիստիան Էրիկսենը, ով տուգանային հարվածով գեղեցիկ գոլ հեղինակեց:

Ընդմիջումից առաջ հայկական թիմը մեծ առավելություն ուներ, սակայն մրցակցի տուգանային հրապարակի պաշարումը գոլային պահերի չվերածվեց: Երկրորդ կեսում ևս Արթուր Պետրոսյանի սաներին չհաջողվեց աչքի ընկնել, իսկ ահա Դանիան մեծացրեց առավելությունը Դիլեյնի շնորհիվ․ 81-րդ րոպեին Դիլեյնին հաշիվը դարձրեց 1։3, իսկ արդեն ավելացված ժամանակում հեթ-տրիկ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականն ունի 16 միավոր և Լեհաստանի հետ կիսում է E խմբի առաջին հորիզոնականը, սակայն լեհերը դեռ մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ Հայաստանը մնաց 6 միավորով 5-րդ տեղում և զրկվեց Մունդիալին մասնակցելու բոլոր հնարավորություններից։

ԱԱ-2018, ընտրական փուլ, 8-րդ տուր
E խումբ

Հայաստան – Դանիա՝ 1։4
Գոլերը՝ Կորյան 6՛ – Դիլեյնի 16՛, 81՛, 90+3՛, Էրիքսեն 29՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում