Արթուր Պետրոսյան. Պատրաստ էինք խաղին, սակայն անտեղի սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի հավաքականի հետ տնային հանդիպումից հետո (1:4) ամփոփեց թիմի ելույթը:

Հաշվի մասին

«Արժանի չէինք, բայց հաշիվը փոխել չենք կարող: Պատրաստ չէինք բարձրից եկած գնդակների համար պայքարել: Դանիացիները շատ հասարակ ֆուտբոլ էին խաղում: Առաջին գոլը մեր սխալն էր: Այնուհետև մեկ այլ սխալ, որը տուգանայինի ու գոլի բերեց: Մենք պատրաստ էինք խաղին, սակայն անտեղի սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք»:

Գրիգոր Մելիքսեթյանի՝ գնդակը դաշտի մեջ մտցնելիս սխալների մասին

«Նա արդեն 31 տարեկան է, դժվար է նոր բան ավելացնել նրա խաղին: Մենք ունեցել ենք չորս օր խաղին պատրաստվելու համար: Խաղաոճում նման փոփոխությունները պետք է ակումբում լինեն»:

Առաջին ու երկրորդ կեսերում հարձակման գծի սրության տարբերությունների մասին

«Մեր գլխավոր խնդիրը խոտանն էր փոխանցումների ու կասեցումների ժամանակ: Երբ հոգնածության ֆոնի վրա գնդակ ես կորցնում, դժվար է հետ վերադառնալ, իսկ հետո ուժերը վերջնական սպառվում են»:

Արազ Օզբիլիսի մասին

«Նրան խաղադաշտ էինք դուրս բերել, որ գնդակը լավ վերահսկենք, խոտանը կրճատվեր: Ցավոք, նրա մոտ չստացվեց»:

Մարզչական որոշումների մասին

«Չեմ կարծում, թե սխալվել եմ կազմի ընտրության հարցում: Պաշտպանության գծում ստիպված էինք հենց այդ խաղացողներին ասպարեզ դուրս բերել: Ռուսլան Կորյանը հարձակման գծում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց: Ադամյանը խաղաց, որովհետև Տիգրան Բարսեղյանը շատ հոգնած էր նախորդ հանդիպումից հետո: Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը դաշտի կենտրոնում մեծ ծավալի աշխատանք կատարեցին, նրանք նույնպես թարմ էին նախորդ խաղից հետո: Հատկապես Եդիգարյանը հետաքրքիր ֆուտբոլ խաղաց: Ցավալին այն է, որ յուրաքանչյուր խաղում պարտավորված փոփոխություններ ենք կատարում»։

Գաել Անդոնյանի մասին

«Գաելին թողեցինք խաղադաշտում, քանի որ մեկ փոփոխություն էր մեզ մնացել: Նա ցավեր ուներ, սակայն ասաց, որ պատրաստ է շարունակել հանդիպումը»:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում