Հարեիդե. Հայերը շատ ազատ տարածություններ էին տալիս

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ագե Հարեիդեն 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականին 4։1 հաշվով հաղթելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ շատ գոհ է իր թիմի խաղից։

Խաղի ամփոփում

«Գոհ եմ խաղի արդյունքից: Որոշել էինք այն կազմով խաղալ, որով հաղթեցինք Լեհաստանին (4:0), ուստի երկու օր միայն թեթև, վերականգնողական մարզումներ ենք անցկացրել: Դա էր պատճառը, որ մեկնարկային 15 րոպեների ընթացքում «խաղի մեջ մտնելու» հետ կապված խնդիրներ ունեինք: Չէինք ծրագրել այդպիսի արագ գոլ բաց թողնել: Լեհերի համեմատ հայերը շատ ազատ գոտիներ էին թողնում, ինչից կարողացանք օգտվել»:

Համեմատություն հավաքականների առաջին խաղի հետ

«Մեր թիմերի միջև նախորդ խաղում մենք 70 տոկոսի գնդակի վերահսկողություն ունեինք: Այս անգամ հայերն ավելի շատ էին տիրում գնդակին, ինչը մեզ թույլ տվեց ավելի ազատ խաղալ: Հենց այդպես առաջացավ մեր առաջին գոլը»:

Թոմաս Դիլեյնիի մասին, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ

««Կոպենհագենից» «Վերդեր» տեղափոխվելուց հետո նա բարելավել է իր խաղը: Այսօր ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց: Ընդհանրապես նա մեծ խանդավառությամբ է խաղում»:

Ընտրական փուլում հեռանկարների մասին

«Մենք տանը պարտվել ենք Չեռնոգորիային՝ չնայած լավ պահեր ունեինք: Դա աղետ էր մեզ համար: Պատասխան խաղը մեծ նշանակություն կունենա: Ռումինիայի հետ տնային մրցավեճում երկրպագուների կողմից լավ աջակցություն կունենանք և կարող ենք հաղթանակի հավակնել»։

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում