US Open. Դել Պոտրոյի սուպերքամբեքը, Ֆեդերերն ու Նադալը մտան քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում կայացել են 1/8 եզրափակչի վերջին 4 հանդիպումները:

Թրիլերային սցենարով է անցել Խուան Մարտին դել Պոտրոյի ու Դոմինիկ Տիմի միջև հանդիպումը: Առաջին երկու սեթերում ավստրիացին անքան հեշտ հաղթանակներ է տարել, որ թվացել է, թե հաղթողը նախապես որոշված է: Հետո արգենտինացին հեշտությամբ առավելության է հասել երրորդ սեթում: Հաջորդ երկու խաղափուլերը համառ պայքարում են անցել, բայց կարևոր պահերին Խուան Մարտինն անկասելի է եղել: Գրանցվել է 1:6, 2:6, 6:1, 7:6 (1), 6:4 հաշիվը:

Քառորդ եզրափակչում Դել Պոտրոյի մրցակիցը դառնալու է Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին առանց մեծ ջանքերի` 6:4, 6:2, 7:5 հաշվով պարտության է մատնել Ֆիլիպ Կոլշրայբերին: Մրցավեճի ընթացքում Ֆեդերերը 4 բրեյք է կատարել, իսկ սեփական մատուցումներն անվրեպ իրացրել:

Քառորդ եզրափակչում է նաև Ռաֆայել Նադալը, ով հեշտությամբ` 6:2, 6:4, 6:1 հաշվով հաղթել է Ալեքսանդր Դոլգոպոլովին: Հաջորդ փուլում իսպանացին մրցելու է ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ: Վերջինս հետագա պայքարից դուրս է թողել Դավիդ Գոֆենին (7:5, 7:6, 6:3):

Հետևեք մեզ նաև Telegram-ում