Արթուր Ոսկանյան. Մեր ֆուտբոլիստները սովոր չեն այսպիսի տեմպի

Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Մակեդոնիա (0:3) հանդիպումից հետո Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոշոր հաշվով պարտության պատճառները

«Կոպիտ սխալներից հետո գոլեր բաց թողեցինք: Երկրորդ կեսում փորձեցինք հետ բերել կորցրածը, գոլային պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրացնել»:

Ընդմիջումից հետո կրկնակի փոփոխություն կատարելու մասին

«Առաջին կեսում չէր հաջողվում վերահսկել գնդակի տեղաշարժը: Խնդիրները հենց կիսապաշտպանությունից էին սկսվում: Փոփոխություններից հետո ավելի լավ էր ստացվում գնդակին տիրելը»:

Ռուսաստանի հետ նախորդ խաղի ազդեցության մասին

«Չեմ ուզում պատճառներ փնտրել, բայց մեր ֆուտբոլիստները խաղում են Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, սովոր չեն այսպիսի տեմպի։ Թվում էր, թե կհասցնեն վերականգնվել, բայց, իրոք, Ռուսաստանի հետ խաղի թարմությունը չկար»։

Վահան Բիչախչյանի ու Հայկ Գալստյանի խաղի մասին

«Քանի որ առաջին կեսում չէինք կարողանում գնդակը վերահսկել, ուստի հարձակվողներին գնդակներով մատակարարել չէր ստացվում»:

Թիմի առաջատարների ելույթների տարբերությունը հավաքականում ու ակումբներում

«Մեր առաջատարներից Բիչախչյանն ու Գալստյանն իրենց ակումբներում ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ են խաղում, իսկ այստեղ` երիտասարդների: Օրինակ` առաջին գոլի ժամանակ Հայկ Գալստյանը սխալվեց, սակայն նրան չեմ քննադատում, որովհետև նրա՝ աչքի ընկնելու ցանկությունը սովորականից ավելի շատ է: Նույնիսկ երբեմն նրան ասում եմ, որ շատ չվազի և մնա իր դիրքում»:

Յուրի Ջոկաեֆի որդուն` Օհան Ջորկաեֆին հավաքական հրավիրելու մասին

«Հետևել ենք Օհանի խաղին: «Մոնպելյեում» էր հանդես գալիս, իսկ հիմա տեղափոխվել է «Նանտ»: Լավ ֆուտբոլիստ է: Եթե փաստաթղթերի հարցը լուծվի, հավանաբար, նրան կտեսնենք երիտասարդական հավաքականում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում