Վալերի Հովհաննիսյանի նոր տապալումը. Մոսկվայի «Արարատը» կազմալուծվելու եզրին է

Մոսկվայի «Արարատը», որը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, մոտ է գործունեությունը դադարեցնելուն: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

«Մեզ հայտարարեցին, որ «Արարատ» ակումբը փակվում է: Ամենայն հավանականությամբ, «Ռյազանի» հետ առաջիկա մրցավեճը կլինի վերջինը: Պատճառների մասին բացատրություն կտամ այդ հանդիպումից հետո: Կարծում եմ` ակումբը չի կարող հենց այդպես դադարեցնել գոյությունը, հատկապես նման հեղինակավոր անուն ունենալու դեպքում»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:

Ավելի վաղ «Արարատի» հիմնադիր Վալերի Հովհաննիսյանն ակումբի հաշվից 20 միլիոն ռուբլի էր հանել: «Արարատի» բաժնետերերը դա գողություն էին անվանել: Հետագայում Հովհաննիսյանն ասել էր, որ նա է այդ գումարը ներդրել, ուստի չէր կարող ինքն իրենից գողանալ: Վերջինս նախկինում ղեկավարում էր Երևանի «Ուլիսը», որը նույնպես հավակնոտ նպատակներ ուներ, սակայն մի քանի ամիս անց կազմալուծվեց:

Միաժամանակ, championat.com-ին հայտնի է դարձել, որ մոսկվացիների բաժնետերերը հրաժարվել են Վալերի Հովհաննիսյանից գնել ակումբը և դուրս են եկել այդ նախագծից: Մինչ այդ նրանք նաև մարել են ակումբի աշխատակիցների ու ֆուտբոլիստների բոլոր պարտքերը:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում են հանդես գալիս այպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոման Պավլյուչենկոն ու Մարատ Իզմայլովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում