Մի Մխիթարյանով գարուն չի գա

Հայաստանի ազգային հավաքականը հերթական անգամ չկարողացավ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Պարտավո՞ր էր։ Ո՛չ: Արդյո՞ք դա մեր ընտրանու ուժերի սահմաններում էր։ Ո՛չ։ Ֆուտբոլիստներն ինչպես հարկն է չնվիրվեցի՞ն։ Ո՛չ, մարզչական շտաբի աշխատա՞նքն էր անհաջող։ Կրկին ո՛չ:

Իսկ ի՞նչն էր պատճառը: Իհարկե, հավաքականի մակարդակը: Պետք չէ խորը փորփրել, անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ Հայաստանի հավաքականն իր այսօրվա կարգով զիջում էր մրցակից 5 թիմերից առնվազն 4-ին՝ Լեհաստանին, Մոնտենեգրոյին, Դանիային և Ռումինիային:

Այն, որ Արթուր Պետրոսյանի գալով հավաքականում մթնոլորտը լավացավ, անհերքելի փաստ է: Թե՛ ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները սիրում և ընդունում են Արթուր Պետրոսյանին: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 5 պաշտոնական և 1 ընկերական հանդիպում.

  • Հայաստան – Մոնտենեգրո 3:2
  • Հայաստան – Ղազախստան 2:0
  • Հայաստան – Սենթ-Քիթս և Նևիս – 5:0 (ընկերական)
  • Մոնտենեգրո – Հայաստան 4:1
  • Ռումինիա – Հայաստան – 1:0
  • Հայաստան – Դանիա – 1:4

Պետրոսյանի գլխավորությամբ առաջին իսկ խաղում մեր հավաքականը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց: Իհարկե, դա տեղի ունեցավ ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա, քան Արթուր Պետրոսյանի տակտիկական մտքերի կամ ֆուտբոլիստների խաղամակարդակի հաշվին: Ղազախների դեմ խաղում ֆավորիտ լինելով միևնույնն է, դժվարությամբ հաղթեցինք: Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում ընդամենը մեկ հարված է հետևել Ղազախստանի հավաքականի դարպասին, իսկ գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը՝ 52% մեր հավաքականի օգտին: Երկրորդ խաղակեսի գրեթե միջնամասում մրցակիցը մնաց 10 հոգով, և ի վերջո մեր հավաքականին հաջողվեց հաղթանակ կորզել՝ 3 րոպեում 2 գոլ խփելով:

Էկզոտիկ անվանմամբ հավաքականի դեմ հանդիպումը նույնիսկ քննարկման ենթակա չէ, իսկ դրանից հետո սկսվեց այն, ինչ սպասվում էր՝ 3 անընդմեջ պարտություն: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի հավաքականը կարող է, ավելին, պարտավոր է հաղթել Ռումինիայի, Դանիայի կամ Մոնտենեգրոյի կարգի թիմերին: Ճիշտ է, անակնկալներ երբեմն լինում են, բայց պետք է մոռանալ դրանց մասին և անցնել առաջ: Կարիք չկա վերհիշել դանիացիների նկատմամբ տոնած 4:0 հաշվով արտագնա հաղթանակն ու պահանջել մեր ընտրանուց, որ տնային խաղում էլ հաղթեն նույն հաշվով: Այս պահին դա գործնականում անհնար է:

Հայաստանի հավաքականի կազմը

Վերջին երկու խաղերի համար հավաքական էին հրավիրվել արտերկրում խաղացող 16 և Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող 8 ֆուտբոլիստ: Դանիայի դեմ խաղում մեր հավաքականի մեկնարկային կազմում տեղ էին գտել Հայաստանի առաջնությունը ներկայացնող 4 ֆուտբոլիստներ՝ Գրիգոր Մելիքսեթյան, Լևոն Հայրապետյան, Արտակ Եդիգարյան և Արտակ Գրիգորյան: Հանդիպման ընթացքում վնասվածք ստացած Հայրապետյանին էլ փոխարինեց Գագիկ Դաղբաշյանը: Իսկ հիմա հարց. ի՞նչպես պետք է Հայաստանի առաջնությունում հանդես եկող 5 ֆուտբոլիստներ փորձեին չեզոքացնել Քրիստիան Էրիկսենին:

Հովհաննես Համբարձումյանը, լինելով աջ պաշտպան, խաղում էր պաշտպանության կենտրոնում: Այդպես էլ անհասկանալի մնաց Արթուր Պետրոսյանի կողմից ընտրված 3 կենտրոնական պաշտպանով խաղային սխեման օգտագործելու դրդապատճառը: Համբարձումյանը, կենտրոնում խաղալով, չէր կարողանում միանալ գրոհներին, իսկ պաշտպանվելիս հայտնվում իրեն անսովոր դիրքում՝ բարձրահասակ մրցակիցների դեմ:

Մխիթարյանի պասիվությո՞ւնը

Անիմաստ խոսակցություններ… Հենրիխ Մխիթարյանը հավաքականին տվել է ամեն ինչ՝ ցանկություն, պայքար, գոլեր, փոխանցումներ, հավատ: Եթե այսպես շարունակվի և ամեն երկրորդ խաղից հետո Մխիթարյանի հասցեին քննադատող մեկնաբանություններ հնչեն, գուցե Հենրիխի համբերության բաժակն էլ լցվի: Այո՛, նա երկրպագուներին ոչինչ պարտք չէ: Մի Մխիթարյանով գարուն չի գա: Պետք չէ հույսը դնել միայն Մխիթարյանի վրա և հիասթափվելու կամ ձախողվելու դեպքում միանգամից մեղադրել նրան:

Պետրոսյանի տակտիկական գաղափարնե՞րը

Տակտիկա, գաղափարներ Հայաստանի հավաքականում․․․ Համաձայնեք, որ փոքր-ինչ տաօրինակ է հնչում: Անհնար է, որ Պետրոսյանը տարատեսակ սխեմաներ և մարտավարություններ ուսումնասիրած չլինի, իսկ թե ինչո՞ւ չի հաջողվել դրանք կյանքի կոչել, փորձեք կռահել մեկ անգամից:

Ելք՝ ստեղծված իրավիճակից

Հաջորդ ընտրական փուլում հաջողության հասնելու մի փոքր հույս ունենալու համար անհրաժեշտ է՝

1) Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները ստանան կայուն խաղաժամանակ, որը կօգնի նրանց զարգանալ, հասունանալ։

2) Հայաստանի առաջնության ֆուտբոլիստները կարողանան տեղափոխվել ավելի մրցունակ առաջնություններ:

3) Ընտրել այս հավաքականի կորիզն ու փորձել բարձրացնել ֆուտբոլիստների համագործակցության մակարդակը:

Վերջաբանի փոխարեն

Շատ հեշտ է տրիբունայից, մեդիա գոտուց, պաշտոնական օթյակից, հեռուստացույցի դիմացից, մեկնաբանական խցիկից բղավել՝ «խփի՛, տո՛ւր, արա աջ, ի՞նչ ես անում, դե խաղա էլի․․․»: Շատերը մոռանում են, որ ֆուտբոլիստները ևս մարդիկ են՝ մսից և արյունից: Անկախ ամեն ինչից, պետք է միշտ աջակցել ազգային հավաքականին: Մի օր էլ մենք՝ հայերս, կրպակից կգնենք միջազգային որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի պաստառ և խմբերից մեկում կտեսնենք Հայաստանի հավաքականի առկայությունը:

 

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում