ՀՖՖ գործկոմի անդամ․ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի խնդիր չկա

Հայաստանի ազգային հավաքականը, 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում 1։4 հաշվով պարտվելով Դանիային, վերջնականապես զրկվեց Ռուսաստանում կայանալիք մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։

Շատերը հավաքականի անհաջողությունները կապում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ ՀՖՖ գործկոմի անդամ Սուքիաս Ավետիսյանը Aysor.am-ի հետ զրույցում խոսել է ազգային ընտրանու խնդիրների և Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին։

– Պարոն Ավետիսյան, հայկական ֆուտբոլն օր օրի անկում է ապրում, պատճառները շատ են, բայց ելք չենք փնտրում։ Դուք՝ որպես ՀՖՖ գործկոմի անդամ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է հայկական ֆուտբոլի՝ այս իրավիճակում հայտնվելու պատճառը։

– Հայկական ֆուտբոլը ոտքի կանգնեցնելու համար հարկավոր է մեծ միջոցներ ներդնել։ Մինչև ուժեղ ակումբային առաջնություն չունենանք, բնական է, չենք կարող ակնկալել, որ հավաքականը լավ արդյունքներ ցուցաբերի, որովհետև մենք տեսնում ենք, որ հավաքականում հիմնականում հրավիրված են դրսից ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասը դրսի իրենց ակումբներում ընդհանրապես չեն խաղում, այնտեղ պահեստայինների նստարանին են նստած, բայց մենք ստիպված հրավիրում ենք, դրա համար մինչև մեր առաջնությունը ուժեղ չլինի, ակնկալել, որ հավաքականը շատ լավ արդյունք կարող է ցույց տալ, դժվար է։ Էլի եմ ասում՝ լավ ակումբային առաջնություն ունենալու համար պետք են ուժեղ ակումբներ ու ներդրումներ։

– 2015 թվականին երկրպագուների, «Red Eagles» շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Հիմա շատերն են հիշել նրա այս խոսքերն ու պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Դուք ի՞նչ կասեք, եկե՞լ է ժամանակը Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի։

– Այստեղ հրաժարականի խնդիր չկա։ Ես ասացի, թե պատճառը որն է։ Թե Ռուբեն Հայրապետյանը ինչ է ասել, երբ է ասել, ես տեղյակ չեմ, ես ասում եմ՝ ընդհանրապես հրաժարականով չի պայմանավորված, ասենք, հրաժարական տվեց՝ ի՞նչ, ուժեղ առաջնություն կդառնա՞նք, կամ միանգամից մեծ գումարներ կբերե՞ն ու կսկսեն ակումբներ պահե՞լ Հայաստանում։ Կարծում եմ՝ չէ։

– Երկրպագուները շատ են հիշում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Ռոբերտ Արզումանյանին։ Ասում են՝ նրանց բացակայությունից հետո հավաքականն էլ ավելի անկում ապրեց։

– Անուններ չեմ ուզում տալ, որովհետև մենք նույն ձևով կարող ենք Յուրա Մովսիսյանի խաղերը նայել։ Այն ժամանակ էլ նա էր, առաջը մենակ էր, որևիցե բան չէր կարող անել, չէր փորձում կոշտ պայքարի մեջ մտնել՝ մտածելով իր վնասվածքների մասին։

Աղբյուր՝ Aysor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում