Ի՞նչ հասկացանք Պրեմիեր լիգայի մեկնարկից

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկից 3 տուր է անցել և արդեն կարելի է թիմերի կազմերի վերաբերյալ որոշակի հետևություններ անել։ Տեսնենք, թե չեմպիոնության համար պայքարողներն ինչ խնդիրների վրա պետք է աշխատեն:

Լավագույն «պահեստայինները» Մանչեսթերում

Նոր մրցաշրջանի առաջին երեք տուրում տեսանք, որ Մանչեսթերի երկու թիմերից բացի ոչ ոք չի կարող հպարտանալ այնպիսի ֆուտբոլիստներով, ովքեր փոխարինման դուրս գալով՝ կկարողանան հզորացնել խաղը:

«Մանչեսթեր Սիթիի» դեպքում՝ «Էվերթոնի» դեմ հանդիպման երկրորդ կեսում դաշտ դուրս եկան Դանիլոն, Բերնարդո Սիլվան, Ռահիմ Սթերլինգը: Նրանք զգալիորեն փոխեցին խաղն ու թույլ տվեցին 1-2 հպմամբ փոխանցումներ կատարել: Այն, որ Գվարդիոլային թիմը չկարողացավ խփել երկրորդ գնդակը, բացատրվում է սառնասիրտ ֆուտբոլիստի բացակայությամբ, բայց սա առանձին խոսակցություն է: 

Էլ ավելի արդյունավետ են գործում «կարմիր սատանաների» փոխարինողները: Անտոնի Մարսիալը մեկնարկային երկու հանդիպումներում պահեստայինների նստարանին է եղել, սակայն փոխարինման մտնելով 2 գոլ խփել և մեկ գոլային փոխանցում կատարել: Մեկ անգամ էլ փոխարինման դուրս գալով աչքի է ընկել Մարկուս Ռաշֆորդը։

Ռոտացիան անհրաժեշտ է բոլորին

Առաջնության մեկնարկը ցույց տվեց, որ «Չելսին» 13 ֆուտբոլիստով չի կարող կրկնել անցյալ մրցաշրջանի հաջողությունը: Lավագույն վեցյակի ակումբները լուրջ ձեռքբերումներ ունեն ու անհավատալի մրցակցություն են ստեղծում: Միջին մակարդակի ակումբները և ետնապահները ևս, ինչպես երբեք, այս ամռանը հզորացել են: Պետք չէ մոռանալ, որ ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության բոլոր հավակնորդները եվրագավաթների մասնակիցներ են, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։

«Չելսիի» տակտիկայի կրկնօրինակում

Անգլիայի առաջնությունում բում է սկսվել: Երեք կենտրոնական պաշտպանով խաղը «Չելսիից» սկսվեց ու շարունակվեց․․․ Ինչ կարելի է ասել, եթե անգամ պահպանողական Արսեն Վենգերը հեռացավ իր ավանդույթներից ու թիմի խաղը սկսեց կառուցել 3 պաշտպաններով: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Պրեմիեր լիգայում հիմա ավելի բարդ է լինելու հաղթել:

«Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի»

Այսօր կարելի է ասել, որ Պրեմիեր լիգային և Չեմպիոնների լիգային ամբողջությամբ միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է պատրաստ: Ժոզե Մոուրինյուն իր թիմում հանճարեղ ֆուտբոլիստներ ունի մեկնարկային կազմի համար ու նաև պահեստային խաղացողներ, ովքեր կարող են հզորացնել բոլոր դիրքերը։

Իսկ «Մանչեսթեր Սիթի՞ն»: Առաջին խաղերը ցույց տվեցին, որ ամռանն արված ծախսերը դեռ բավարար չեն: Կենտրոնական պաշտպանների խաղն արդեն իսկ հարցեր է առաջացնում։ Առաջին տուրերում «քաղաքայինները» խնդիրներ ունեին նաև գրոհները եզրափակելիս: Առանց գոլային պահերի իրացման «Մանչեսթեր Սիթին» մեծ դժվարության առաջ կկանգնի։

«Չելսի» և «Տոտենհեմ»

«Չելսիի» մասին մամուլը բավականաչափ խոսել է: Նրանք տրանսֆերային պատուհանի վերջին օրը մեկական պաշտպան ու կիսապաշտպան գնեցին, սակայն ամբողջովին չամրապնդվեցին: Նախկինի պես վտանգ կա, որ ցանկացած վնասվածք մեծապես կթուլացնի թիմի խաղը:

«Տոտենհեմը» մեծ կազմ չունի, բայց ունիվերսալ ֆուտբոլիստներն ու ճկուն սխեման Մաուրիսիու Պոչետինոյին թույլ են տալիս փոխել կազմն ու վնասվածքների դեպքում խուսափել անհաջողություններից: Բացի այդ, «Տոտենհեմը» բավականին ուժեղ երիտասարդ պահեստայիններ ունի, թեև վերջին երկու մրցաշրջանի ընթացքում նրանք չեն կարողացել գլուխ հանել երկճակատ խաղից: 

«Լիվերպուլ» և «Արսենալ»

«Լիվերպուլի» գլխավոր խնդիրը թերևս հենակետային կիսապաշտպանի բացակայությունն է, ով կկարողանար խափանել մրցակցի գրոհները: Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը ամրապնդեց միայն եզրը:

Ինչ վերաբերում է «Արսենալին»՝ թիմն առաջին անգամ երկար տարիների դադարից հետո ամբողջությամբ համալրվել է: Իսկ վնասվածքնե՞րը․․․ Գուցե Արսեն Վենգերը վերջապես փոխի ակումբի բժիշկներին, ինչպես ժամանակին Գվարդիոլան արեց «Բավարիայում»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում