Վարդան Բիչախչյան. Ֆեդերացիային դիմելու իմաստ չկա

Վարդան Բիչախչյան. Ֆեդերացիային դիմելու իմաստ չկա

Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Շիրակը» Երևանում 2:0 հաշվով հաղթեց «Փյունիկին» և առաջին շրջանն ավարտեց 100% արդյունքով` 5 խաղ, 5 հաղթանակ: Հանդիպումից հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ իր թիմը չպետք է մտածի տիտղոսի մասին։

«Առաջին կեսը լավ չսկսեցինք: Թերություններ կային ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Գնդակը խլելուց հետո այն արագ էինք կորցնում: Վատ համագործակցությունը կապված էր միմյանց չհուշելու հետ: Ընդմիջումից առաջ գոլ խփեցինք, իսկ երկրորդ կեսում արդեն լավ տեսք ունեինք, խաղային որակը բարձր էր»,- ասաց Վարդան Բիչախչյանը։

Խաղացանկը դաժան է «Շիրակի» նկատմամբ

«Առջևում ծանր շաբաթ է, որովհետև սեպտեմբերի 13-ին գավաթային առաջին խաղն է («Արարատի» դեմ-խմբ), իսկ 16-ին հյուրընկալվելու ենք «Ալաշկերտին»: Ստիպված ենք ռոտացիայի դիմել: Բացի այդ, հիմար արարքի պատճառով չորրորդ դեղին քարտը ստացավ Արտյոմ Միքայելյանը և բաց կթողնի գավաթային հանդիպումը: Այլ ելք չկա, պետք է վստահել երիտասարդներին:

Ֆեդերացիային դիմելու իմաստ չկա, որովհետև խաղն արդեն նշակված է, փոփոխություն չի կատարվի: Թիմեր կան, որ 11 օրում 2 խաղ են անցկացնելու, իսկ մենք 6 օրում` 3»:

Մեկ տարի առաջ «Շիրակը» նույնպես հաղթարշավով էր մեկնարկել Բարձրագույն խմբում, սակայն հետագայում կորցրեց առավելությունը: Sport.Times.am-ը 39-ամյա մասնագետին հարցրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու նախկին սխալները չկրկնելու համար:

«Փորձենք այս տարի մինչը դեկտեմբեր դիմանալ: Անցած մրցաշրջանի միջնամասում սխալվեցինք՝ թիմում շատ փոփոխություններ կատարելով: Անսպասելիորեն «Շիրակից» հեռացավ նաև Դավիթ Հակոբյանը: Միավորների պաշար ունենք, սակայն եթե վատ ելույթներ ունենանք, այդ առավելությունն արագ կկորցնենք»:

Գյումրեցիների նորեկ Գագիկ Պողոսյանը ոչ մի կերպ նորամուտը չի նշում թիմի կազմում․

«Գագիկը վնասվածքից չի բուժվում: Նա մարզումների մասնակցում է, բայց դեռ ցավեր ունի»:

Թիմի քաղաքականությունը

«Որոշել ենք տեղացի երիտասարդներին հնարավորություն տալ: Տարիների ընթացքում ունեինք գյումրեցի փորձառու խաղացողներ` Տիգրան Դավթյան, Կարեն Ալեքսանյան, Անդրանիկ Բարիկյան… Նրանց կարիերայի ավարտից հետո այդ դիրքերում լեգիոներների ենք հրավիրել: Պետք է ռիսկի գնանք, երիտասարդներին վստահենք, որ միշտ կախվածություն չունենանք լեգիոներներից: Մեր ակադեմիայում 350 ֆուտբոլիստն կա: Պետք է մեր սաներին շանս տանք»:

5 խաղում 5 հաղթանակը թիմերի խաղամակարդակների տարբերության մոլորություն չպետք է առաջացնի․

«Չեմ կարծում, թե որևէ մեկին մակարդակով գերազանցում ենք: Հավասար թիմեր են, իսկ խաղերն` անկանխատեսելի: Եթե դեկտեմբերի տեսնենք, որ չեմպիոնության շանսեր ունենք, հնարավոր է 2-3 փորձառու խաղացող հրավիրենք»:

Մուսա Բակայոկոն ձմռանն է միացել թիմին: Նա լավ արագություն ունի, սակայն առայժմ այլ գործոններում չի առանձնանում: Sport.Times.am-ը Բիչախչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում իվուարցու առաջընթացի տեմպերը և որքանով է նա մոտ իր առավելագույն խաղամակարդակին:

«Նա դեռ իր պոտենցիալի 60 տոկոսով է խաղում: Այսօր տեսաք, որ նրա խաղում դեռ կաշկանդվածություն կա: Գոլն օգնեց, որ մի քիչ թեթև գործի, բայց միևնույն է՝ դեռ շատ հարցերում թերանում է: Նրանից ավելին ենք սպասում»:

Լուսանկարները` «Շիրակի» ֆեյսբուքյան էջ, «Փյունիկ» ֆեյսբուքյան էջ, Հակոբ Բերբերյան

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում