Երյոմենկո. Հաճելի է, որ Հայաստանի հավաքականներ այդքան ֆուտբոլիստ ենք ուղարկում, բայց…

Երյոմենկո. Հաճելի է, որ Հայաստանի հավաքականներ այդքան ֆուտբոլիստ ենք ուղարկում, բայց…

Հայաստանի առաջնության միակ արտասահմանցի մարզիչը «Փյունիկը» գլխավորող Սերգեյ Երյոմենկոն է: Ռուս մասնագետը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց Բարձրագույն խմբի 5-րդ տուրում առաջատար «Շիրակից» կրած պարտության (0:2), ինչպես նաև այլ թեմաների շուրջ:

«Արդյունքից չենք կարող գոհ լինել: Խաղը հավասար էր: Առաջին կեսում, միգուցե, ավելի լավ տեսք ունեինք: Առաջին գոլը կարելի էր բաց չթողնել: Փորձեցինք կորցրածը հետ բերել, բայց փորձի ու կադրային խնդիրների բացակայությունը զգացնել տվեց: Հավաքականներից վնասվածքներով են վերադարձել Ալիկ Առաքելյանն ու Լևոն Հայրապետյանը, ովքեր մեր թիմի համար մեծ նշանակություն ունեն և առանց նրանց շատ դժվար էր: Առաջին հանդիպումն անցկացրեց Սերոբ Գրիգորյանը, ում խաղից շատ գոհ եմ: Առավելագույնն արեց այն ամենից, ինչ կարող էր: Խաղերը հաջորդում են միմյանց, այնպես որ՝ պարտության համար տխրելու շատ ժամանակ չունենք»:

Երյոմենկոն կարծում է, որ ներկայիս կազմով էլ կարելի է լուծել թիմի նպատակները` մտնել եվրագավաթներ.

«Դեռ խաղացողներ ունենք, ովքեր միանալու են թիմին և ավելի են ուժեղացնելու «Փյունիկը»: Հավաքականներին 11 ֆուտբոլիստ ենք ուղարկել, առանց նրանց ենք նախապատրաստվել: Հաճելի է, որ «Փյունիկը» հավաքականներին այդքան խաղացողներ է մատակարարում, սակայն մարզչի աշխատանքի համար դա լավ չէ: Եթե նրանք լինեին, կարող էինք այդ դադարը ավելի լավ օգտագործել: Աշխարհում հրաշքներ չկան: Մենք երիտասարդ թիմ ունենք` 23-24 տարեկան խաղացողներ»:

«Շիրակի» չեմպիոնության շանսերը

«Երևում էր, որ կազմակերպված թիմ է, լավ են համագործակցում ու խաղակցված են: Որքան տեղյակ եմ` նրանց մարզիչը մի քանի է տարի թիմի հետ է աշխատում (2011 թվականից-խմբ.): Եթե ակումբում համակարգը կայուն է, ակումբն իր փիլիսոփայություն ունի, դա արդեն լուրջ հաջողության գրավականն է: Հաղթողի հոգեբանությունը միայն հաղթանակներով է ձեռք բերվում: Կարծում եմ` «Շիրակը» չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից մեկն է»:

«Փյունիկը» երկու նորեկ ունի` Արթուր Միրանյան ու Դիդյե Կադիո Բորիսը: Sport.times.am-ը ռուս մասնագետից տեղեկացավ, թե այդ խաղացողներն ինչպիսի մարզավիճակում են և թե նրանց հետ մարզիչն ինչ հույսեր է կապում.

«Միրանյանը երեկ է միացել թիմին: Նա մեքենայով Երևան է եկել Ռոստովից, այնպես որ՝ դեռ չեմ կարող գնահատել նրա ֆունկցիոնալ վիճակը: Լավ բաներ եմ լսել Արթուրի մասին: Հավանաբար նրա մեջ ինչ-որ բան կա, բազմակողմանիություն կտա մեր թիմի հարձակման գծին: Ինչ վերաբերվում է Բորիսին, ապա նրան ծանոթ եմ Ղազախստանում համատեղ աշխատանքով: Նա խաղադաշտում իսկական առաջատար է: Նրա փորձը մեզ շատ կօգնի:

Առաջնությունում «Փյունիկը» 5 միավոր է վաստակել: Ռուս մարզիչը կարծում է, որ նրանք ավելիին էին արժանի.

«Պետք է առաջին տուրում հաղթեինք «Բանանցին», սակայն կորցրեցինք երկու գնդակի առավելությունը: «Արարատին» նույնպես կարող էինք հաղթել, լավ պահեր ունեինք: Կարծում եմ` 4 միավոր ավել կարող էինք վաստակել: «Գանձասար-Կապանի» հետ խաղում սպասվածից շատ վաստակեցի՞նք: Դա ձեր կարծիքն է»:

53-ամյա մասնագետը նախկինում հաճախ նշում էր, որ դեռ ծանոթ չէ իր խաղացողների հնարավորություններին: Sport.times.am-ը Երյոմենկոյին հարցրեց, թե որքան ժամանակ է հարկավոր թիմն ամբողջությամբ ճանաչելու համար:

«Արդեն գրեթե ամբողջությամբ ծանոթ եմ: Մրցումային հանդիպումները, որոնցում պետք է պայքարել արդյունքի համար, ցույց են տալիս, թե ֆուտոլիստն իրականում իրենից ինչ է ներկայացնում: Ֆուտբոլում չես կարող ձևացնել: Պատասխանատվությունը և այլ գործոններ ազդում են խաղացողների վրա: Օրինակ` նրանք կարդում են մամուլում ինչ է գրված և դա հոգեբանական տրամադրություն է ստեղծում:

Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել` գրեթե բոլորին ճանաչում եմ: Գործի մեջ միայն չեմ տեսել Միրանյանին ու վնասվածքներից ապաքինվող Պետրոս Ավետիսյանին ու Էրիկ Վարդանյանին, որոնց մասին դրական խոսքեր եմ լսել»:

Լուսանկարները` «Փյունիկի» ֆեյսբուքյան էջի

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում