Լարված կրքեր «Բավարիայում». Երկկողմանի մեղադրանքներ

Լարված կրքեր «Բավարիայում». Երկկողմանի մեղադրանքներ

Նոր սկանդալ է հասունանում Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» կազմում: Ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, առանց մյունխենցիների համաձայնության, հարցազրույց է տվել «Der Spiegel»-ին, որի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել «Բավարիայի» տրանսֆերային քաղաքականությունը: 29-ամյա ֆուտբոլիստը նաև նշել է, որ նրան դուր չի եկել մասնակցել ասիական հավաքին, քանի որ այնտեղ չափազանց շոգ է:

Այդ մեղադրանքների դեմ է հանդես եկել «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն, ում խոսքերն է մեջբերում «Sport Bild»-ը:

«Եթե Ռոբերտը դժգոհ է մեր ասիական հավաքից, ապա հայտնեմ, որ նրա ենթադրյալ երազանքի թիմը` «Ռեալը» ամռանը 24 օր շոգի տակ է անցկացրել: Դա երկու անգամ ավելին է, քան մենք: Ցավում եմ, որ նա ասել է այդ ամենը: Արդեն առաջին անգամ չէ, որ Ռոբերտը վատ է խոսում «Բավարիայի» մասին: Շատ լավ հասկանում եմ, որ այդ ամեն հետևում նրա գործակալ Մայք Բարտելն է կանգնած: Հիշեցնեմ նրանց, որ ակումբի հետ Լևանդովսկիի պայմանագրի ժամկետը սպառվում է 2021 թվականի ամռանը, իսկ նրա պայմանագրում հրաժարագնի կետ չկա»:

Լեհը նաև ասել է, որ մատունակ լինելու համար ամռանը ակումբը պետք է ավելի բարձրակարգ խաղացողների հրավիրեր:

«Այն ֆուտբոլիստները, ովքեր հրապարակայնորեն քննադատում են մեր խաղացողներին կամ մարզիչներին, իմ հետ գործ կունենան: Միգուցե, ՊՍԺ-ի վճարած տրանսֆերային գնե՞րն են նյարդայնացրել Լևանդովսկիին: Բայց մեր խաղացողների համար վճարված գումարները լիովին արդարացի են: Ռոբերտն անհանգստանալու կարիք չունի: Մենք շատ լավ թիմ ունենք, իսկ տրանսֆերային մեր փիլիսոփայությունը վաղուց է կառուցված ու հաջող է գործում»,- ասել է Ռումենիգեն:

Ավելի վաղ մյունխենցիների նախագահ Ուլի Հյոնեսը շեշտել էր, որ «Բավարիան» չի հետևելու եվրոպական շատ գրանդների օրինակին և թանկարժեք տրանսֆերներ չի կատարելու: Ակումբի ներկայիս ռեկորդը 41,5 միլիոն եվրոյով Կորենտեն Տոլիսոյի ձեռքբերումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում