Մեսսիի ռեկորդը և այլ ուշագրավ փաստեր «Բարսելոնա» – «Յուվենտուս» խաղից

Մեսսիի ռեկորդը և այլ ուշագրավ փաստեր «Բարսելոնա» – «Յուվենտուս» խաղից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի կենտրոնական` «Բարսելոնա» – «Յուվենտուս» խաղում (3:0) մի շարք ուշագրավ վիճակագրական թվեր են գրանցվել:

«Կամպ Նոու» մարզադաշտում «կապտանռնագույնները» կատարել են խաղային օրվա ամենաշատ խաբքերը: Էրնեստո Վալվերդեի թիմը 38 անգամ խաբքի է դիմել, որոնցից 28-ը (74%) հաջողված է եղել:

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է «Չելսին», որն ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի հետ մրցավեճում (6:0) 35 անգամ դրիբլինգի է դիմել: Այդ փորձերից 24-ը (71 %) հաջողված է եղել:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից ամենահաճախն ու արդյունավետը խաբքերի է դիմել Լիոնել Մեսսին: Արգենտինացին 14 անգամ փորձել է շրջանցել մրցակիցներին և 9 անգամ դա նրան հաջողվել է: Արդյունավետ են եղել նաև Ուսման Դեմբելեն (7-ից` 6) և Անդրես Ինյեստան (6-ից` 6):

«Բլաուգրանայի» հարձակվող Լուիս Սուարեսը խաղի ընթացքում ամենաանհաջողն է գործել գնդակի համար պայքարում: Ուրուգվայցին պարտվել է 7 մենապայքարներից 6-ը: Փոխարենը, նա հասցրել է մեկ գոլային փոխանցում կատարել:

Հաղթած մենապայքարների թվով առաջատարը կրկին Մեսսին է: 30-ամյա ֆուտբոլիստը հաղթող է դուրս եկել 13 մենապայքարում:

«Յուվենտուսի» դեմ մրցավեճը նաև պատմական ռեկորդի օր է դարձել: Մեսսին օրացույցային տարվա ընթացքում իր 40-րդ գոլն է խփել: Լիոնելը դարձել է պատմության միակ ֆուտբոլիստը, ով 9 տարբեր տարիներին շրջանցել է 40 և ավելի գոլերի սահմանը: Նրա ռեկորդին ամենամոտը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 7 անգամ է գերազանցել 40 գոլի սահմանը:

Հատկանշական է, որ Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասն ուղարկած գոլերը Չեմպիոնների լիգայում Մեսսիի 95-րդ ու 96-րդ գնդակներն էին: Դրա համար նրան պահանջվել է 116 հանդիպում: Այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով 146 խաղում 106 գոլ է հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում