ԱՊԼ. «Լիվերպուլը» կրկին սայթաքեց (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլը» կրկին սայթաքեց (տեսանյութ)

Շարունակվում է «Լիվերպուլի» անհաջող արդյունքների շարքը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում մերսիայդցիներն այսօր ընդունել են «Բերնլիին», սակայն բավարարվել են ոչ-ոքի արդյունքով՝ 1։1։

Առաջինն աչքի են ընկել հյուրերը (27-րդ րոպե): Պարզ իրավիճակում գնդակը հայտնվել է Սքոթ Էրֆիլդի մոտ, ով չի վրիպել։ Ընդամենը 3 րոպե անց Մոհամեդ Սալահը կարողացել է հավասարացնել հաշիվը:

Մնացած ժամանակահատվածում Յուրգեն Կլոպի թիմն ունեցել է զգալի առավելություն, սակայն չի կարողացել հաղթանակ կորզել: «Կարմիրներն» ընդհանուր 35 հարված են կատարել, որոնցից 9-ը դարպասին է ընթացել, 14-ը շեղ է եղել, իսկ ևս 12-ը փակվել է պաշտպանների կողմից: Տանտերերը նաև 12 անկյունային են իրացրել:

«Լիվերպուլի» առանց հաղթանակների շարքը հասավ երեք հանդիպման (Չեմպիոնների լիգան հաշվարկված): ԱՊԼ-ի 5 հանդիպումներից հետո «կարմիրներն» ունեն 8 միավոր և զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաև «Բերնլին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում