«Ռեալն» արտագնա հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալն» արտագնա հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո գործող չեմպիոնը 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Սան-Սեբաստյանի «Անոետա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին․ բավականին բարդ դիրքից հարվածի փորձ կատարեց Սերխիո Ռամոսը, «սերուցքայինների» ավագի հարվածը չստացվեց, փոխարենն արագ կողմնորշվեց վնասվածքից ապաքինվող Կարիմ Բենզեմային փոխարինող Բորխա Մայորալը։

Տասը րոպե անց դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը․ Կեյլոր Նավասը վստահ չխաղաց Կևին Ռոդրիգեշի հարվածից հետո։ 36-րդ րոպեին ուշադրության կենտրոնում գոլերի հեղինակներն էին․ Մայորալի՝ թիմակցին ուղղված փոխանցումն ինքնագոլի վերածեց Ռոդրիգեշը։

Թիմերն ընդմիջման գնացին 1։2 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում միայն մեկ գոլ արձանագրվեց․ 61-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Գարեթ Բեյլը։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 9 միավորով երրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 4-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։3
Գոլերը՝ Ռոդրիգեշ 29՛ – Մայորալ 19՛, Ռոդրիգեշ 36՛/ինքնագոլ, Բեյլ 61՛

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում