Հեղինակության պայքար. ՊՍԺ-ի աստղերը սկսել են վիճել (տեսանյութ)

Հեղինակության պայքար. ՊՍԺ-ի աստղերը սկսել են վիճել (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» ու «Լիոնի» միջև խաղի (2:0) ժամանակ փարիզցիների հարձակվողներ Նեյմարի ու Էդինսոն Կավանիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Հանդիպման 59-րդ րոպեին` 0:0 հաշվի ժամանակ, մայրաքաղաքային թիմը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք է ստացել: Այն պատրաստվել է իրացնել Էդինսոն Կավանին, սակայն ստանդարտ հարվածը կատարելու ցանկություն է հայտնել նաև Նեյմարը: Այդ պահին Դանիել Ալվեսը մոտեցել է գնդակին, վերցրել այն ու տվել իր հայրենակցին: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի հարվածից հետո դարպասապահ Անտոնի Լոպեշը փրկել է «Լիոնին»:

Ալվեսը հետևյալ կերպ է արդարացրել իր արարքը.

«Իրականում ցանկանում էի ինքս հարված կատարել, որովհետև նման դիրքերից շքեղ գոլեր եմ խփել: Վերցրեցի գնդակը, քանի որ վստահ էի ինձ վրա, բայց հետո Նեյմարը գնդակը տարավ իմ ձեռքից»:

Դրվագի կրկնությունը դիտելիս երևում է, որ Ալվեսն առանձնապես ծանր չի տանում գնդակը Նեյմարին զիջելը։

Կավանիի ու Նեյմարի մրցակցությունը դրանով չի ավարտվել: 79-րդ րոպեին փարիզցիները 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, որը կրկին պատրաստվել է իրացնել ուրուգվայցին: Բրազիլացին մոտեցել է նրան և պահանջել գնդակը, սակայն Էդինսոնը այս անգամ վճռական է տրամադրված եղել: Ճակատագրի բերումով նշակետից կատարված այդ հարվածը նույնպես գոլի չի վերածվել:

Գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին նույնպես դուր չեն եկել այդ տարաձայնությունները.

«Թիմում պետք է ստանդարտների մի քանի իրացնողներ լինեն` Նեյմարն ու Կավանին: Խաղի ժամանակ նրանք պետք է որոշեն, թե ով է կատարելու հարվածը: Ես առաջարկել եմ հերթականություն սահմանել, բայց եթե նրանք պայմանավորվածության այդպես էլ չգան, ինքս կնշանակեմ իրացնողին: Թիմի ներսում խնդիրներ մեզ պետք չեն»,- ասել է բասկ մասնագետը:

Հանդիպումից հետո Կավանին մարզադաշտը լքել է «սև ելքով», որպեսզի չհանդիպի լրագրողներին, իսկ Նեյմարը չեղարկել է «Instagram»-ում ուրուգվայցու էջի «հավանումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում