Մելանյա Ստեփանյան. Կարիք չկա բացատրել վարկանիշային մրցաշարի կարևորությունը

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կկայանա գեղասահքի վարկանիշային մրցաշար: Մասնակիցները կպայքարեն 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (երկուսն էլ՝ մենասահք) եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Օլիմպիական վարկանիշ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունի Անաստասիա Գալուստյանը, որին այս տարի Հելսինկիում կայացած աշխարհի առաջնությունում ընդամենը մեկ տեղ չբավարարեց Պհենչհանի օլիմպիական ուղեգիր ստանալու համար:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասել է, որ գեղասահորդները շարունակում են պատրաստվել պատասխանատու մեկնարկին.
«Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Ռուսաստանի Ադլեր քաղաքում՝ Ալեքսեյ Ուրմանովի եւ հոր՝ Սամվել Հայրապետյանի մոտ: Հոկտեմբերի 22-ից 26-ը նա հանդես կգա Բրատիսլավիայում կայանալիք մրցաշարում, որտեղից անմիջապես կմեկնի Օբերսդորֆ:

Անաստասիա Գալուստյանը վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Իտալիայում: Նաստյան այնքան էլ բարձր արդյունք ցույց չտվեց, բայց նա պետք է մարզավիճակի գագաթնակետին հասնի ընտրական մրցաշարում: Հիմա մարզվում է Մոսկվայում՝ իր ծնողների մոտ:

Մեր պարային երկյակը մարզվում է տանը՝ Կանադայում: Թինան եւ Սիմոնն Ամերիկայի Սոլթ Լեյք Սիթիում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Նրանք նույնպես նախատեսում են հանդես գալ Սլովակիայում:

Հոկտեմբերի 27-ին բոլորով կհավաքվենք Օբերսդորֆում: Չէի ցանկանա կանխատեսումներ անել, բայց կասեմ, որ հավատում եմ մեր մարզիկներին: Կարիք չկա նրանց բացատրել վարկանիշային մրցաշարի կարևորությունը: Վստահ եմ՝ սառույցի վրա կանեն առավելագույնը, արդյունքի հասնելու համար»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ստեփանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում