Ռոջեր Ֆեդերերը՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 12-րդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող թենիսիստ։ Չնայած Ֆեդերերը բաց է թողել մրցաշրջանի զգալի հատվածը՝ նախորդ 12 ամսվա ընթացքում վաստակել է 64 միլիոն դոլար։

Այս գումարի մեծ մասը Ֆեդերերը ստացել է հովանավորների՝ «Wilson», «Credit Suisse», «Mercedes», «Rolex», «Lindt», «Jura», «Moet & Chandon», «NetJets», «Sunrise» և «Nike» աշխարհահռչակ ընկերությունների հետ պայմանագրերից։ «Forbes»-ը գրում է, որ ցուցադրական մրցաշարերին մասնակցելու համար Ռոջեր Ֆեդերերը պահանջում է 2 միլիոն դոլար, իսկ «ATP 500» և «ATP 250» շարքի մրցաշարերին մասնակցելու համար՝ 1 միլիոն դոլար։

Վերոնշյալ աղբյուրը նաև գրում է, որ աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստը զգալի գումար է հատկացնում բարեգործությանը։ Ֆեդերերի՝ 2004 թվականին ստեղծված բարեգործական հիմնադրամը 30 միլիոն դոլար է փոխանցել Աֆրիկայում կրթական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում