Ատլետների դերբիում ավելի ուժեղ էին մադրիդցիները (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել է Բիլբաոյի «Ատլետիկին»: Համառ պայքարում անցած խաղն ավարտվել է Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակով` 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջնամասում (41-րդ րոպե) տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել: Ֆիլիպե Լուիսը խաղի կանոնները խախտել է տուգանային հրապարակի գծի վրա, սակայն մրցավարը ցույց է տվել նշակետի կողմը: Արից Ադուրիսի հարվածից հետո Յան Օբլակը փրկել է «հնդկիներին»:

Երկրորդ կեսի սկզբում (55) մադրիդցիների եռաքայլ` Գրիզման, Կոկե, Կորեա գեղեցիկ կոմբինացիան ավարտվել է վերջինիս խփած գոլով:

77-րդ րոպեին Անտուան Գրիզմանի հերթական գեղեցիկ փոխանցումից հետո Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կրկնապատկել է հաշիվը: Դրանից հետո բասկերը մեծ ուժերով առաջ են նետվել, սակայն կարողացել են միայն կրճատել հաշվի տարբերությունը: Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին Միկել Բալենսիագայի հաշվենկատ փոխանցումից հետո աչքի է ընկել Ռաուլ Գարսիան:

«Ատլետիկոն» վաստակել է 11 միավոր ու բարձրացել է երկրորդ հորիզոնական: «Ատլետիկը» 7 միավորով 7-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Հետևեք մեզ նաև Telegram-ում