Հաղթանակ արմագեդոնում. Լևոն Արոնյանը մտավ եզրափակիչ (կատարված քայլեր)

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի ու Մաքսիմ Վարշե Լագրավի դիմակայությունը թրիլերային ավարտ է ունեցել:

Գրոսմայստերները հավասար արդյունքի հասան փլեյ-օֆֆի առաջին փուլում` ռապիդ տեսակի պարտիայում, ապա պայքարը շարունակվեց բլիցում: Այդ տեսակի շախմատում ևս 4 անգամ ոչ-ոքի արձանագրվեց: Արոնյանը մոտ էր հաղթանակին, սակայն ժամանակի սղության պատճառով սխալներ կատարեց և մրցակցին թույլ տվեց հավասարեցնել դիրքը:

Որոշիչ դարձավ արմագեդոն տեսակի պարտիան, որում սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին` 4, սակայն ոչ-ոքի դեպքում հաղթանակը շնորհվում է սևերին: Սպիտակներով Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց և մտավ եզրափակիչ: Նրա մրցակիցն է դառնալու չինացի Լիժեն Դինը, ով առավելության է հասել Ուեսլի Սոյի նկատմամբ:

34-ամյա հայ շախմատիստը նաև նվաճեց Հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում