Լևոն Արոնյան․ Ես պարզապես շատ երջանիկ եմ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մաքսիմ Վարշե Լագրավին հաղթելուց հետո նշել է, որ մեծ մոտիվացիա ունի եզրափակչից առաջ։

Հիշեցնենք, որ եզրափակչում Արոնյանը մրցելու է Լիժեն Դինի հետ․ դիմակայությունը սկսվելու է սեպտեմբերի 23-ին, եթե դասական շախմատի 4 պարտիայից հետո հաղթողը չորոշվի, պայքարը կշարունակվի թայ-բրեյքում։

-Պարզապես շատ երջանիկ եմ։ Հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորություն եմ ստացել, ինչն իմ նպատակն էր։ Սա հավելյալ մոտիվացիա է եզրափակչից առաջ։ Բացի այդ, Դինի հետ պարտիաների վատ հաշիվ ունեմ (-2), պետք է ուղղեմ սխալներս։ Ես և Մաքսիմն ամուր նյարդեր ունեինք, սակայն Դինի հետ չեմ կարողանա այս առումով մրցել․ նա չինական համբերություն ունի,- «Chess-news.ru»-ի հետ զրույցում ասել է Արոնյանը։

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը նաև կատակել է գավաթի խաղարկությունում լավ հանդես գալու լրացուցիչ մոտիվացիայի մասին․

-Որքան երկար եմ մնում Թբիլիսիում, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ կմասնակցեմ հարսանիքիս  նախապատրաստական աշխատանքներին։ Քանի դեռ ես այստեղ խաղաքարեր եմ տեղաշարժում, Արիանան է (Արոնյանի հարսնացուն – խմբ․) զբաղվում այդ հարցերով։ Բայց նա միայն ուրախ է, որ ես դեռ այստեղ եմ։ Նա տխրում է իմ պարտություններից,- ժպիտով ասել է Արոնյանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում