Ինչպիսի՞ն է Խուան Մատան խաղադաշտից դուրս

Ջոն Նիդլն իսկապես անհանգստանում էր․ Խուան Մատան իր ու որդու դիմաց էր, իսկ Ջոնը ոչ մի կերպ չէր կարողանում հեռախոսի ծածկագիրը հավաքել։ «Խուանը սպասում էր Ալեքսի հետ, իսկ գլխումս հետևյալ միտքն էր. «Բաց թողեցի լուսանկարվելու հնարավորությունը»: Վերջապես միացրի տեսախցիկն ու 2 լուսանկար արեցի: Բարեբախտաբար, հիանալի ստացվեցին»: 

Ջոնը չէր էլ կարող պատկերացնել, որ իրեն ցույց էին տալիս ուղիղ եթերով:

Այդ օրը Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նորվիչին»: Միակ գոլի հեղինակ Մատան ողջունեց երկրպագուներին, ապա գնաց հանդերձարան: Մեմֆիս Դեպայը կանչեց նրան, երբ նկատեց՝ հաշմանդամություն ունեցող տղան ինչպես էր ցանկանում տեսնել Մատային:

«Թվում էր, թե Խուանը 10 րոպե խոսեց տղայիս հետ, բայց իրականում դա 30 վայրկյան տևեց: Նա ներողություն խնդրեց, որ չէր կարող մարզաշապիկը նվիրել՝ ակումբի կանոններն են այդպիսին»,- «ESPN»-ի հետ զրույցում պատմել է տղայի հայրը: 

Դրանից մեկ ամիս առաջ Մատան իսպանական հեռուստատեսության հյուրն էր և քննադատում էր ժամանակակից ֆուտբոլը՝ խելահեղ փողեր, գործակալների ինտրիգներ․ 

«Մենք պղպջակի մեջ ենք ապրում: Անհավատալի գումար ենք վաստակում: Եթե խոսքը համաշխարհային ֆուտբոլի մասին է՝ ինքս նորմալ գումար եմ աշխատում: Եթե Իսպանիան համեմատենք աշխարհի մյուս մասի հետ, ապա մարդկանց 99.9%-ի համեմատ անհավատալի շատ եմ վաստակում: Իմ ընկերն իրական աշխարհում է ապրում: Նա գործազուրկի օգնություն է ստանում, քանի դեռ աշխատանք է փնտրում: Դա է նորմալ կյանքը: Իմ կյանքն աննորմալ է: Ինձ դուր չի գալիս, որ ֆուտբոլը դարձել է բիզնես: Սիրում եմ այս խաղը: Սիրում եմ մարզվել ու կատարելագործվել: Սիրով կընդունեի աշխատավարձի կրճատումը, եթե բիզնեսն այդքան մեծ ազդեցություն չունենար ֆուտբոլի վրա: Այն մակարդակում, որում հիմա մեզ վճարում են, մենք չենք մտածում «x»-ի և «x+3»-ի մասին: Ինձ վախեցնում է, երբ մտածում եմ, թե որքան պաշտպանված եմ»,- մտորում է Մատան։

Իրականում Խուանը հեղափոխական ոչինչ չասաց, բայց որքա՞ն հաճախ ենք նմանատիպ խոսքեր լսում լավագույն առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներից… Օրինակ չկա:

Այդ խոսքերը Մատային միավորներ տվեցին որպես ֆուտբոլային աշխարհի ամենաբարի ներկայացուցիչներից մեկի: Թեև նա վստահեցնում է, որ իր կերպարի մասին հոգ չի տանում, մեզանից շատերը պատրաստ է խոստովանել՝ սիրում ենք այս համեստ տղային:

Համակրանքի առիթները բազմաթիվ են։ Օրինակ՝ անցյալ հոկտեմբերին նա ակումբի ավտոբուսի կայանատեղիի հարևանությամբ նկատեց հին ծանոթներին՝ հայր ու որդի Նիդլներին, Ժոզե Մոուրինյուին խնդրեց մի փոքր սպասել, մոտեցավ տղային, խոսեց ու լուսանկարվեց

Մատան արվեստի ու գրականության մեծ սիրահար է։ Գարի Լինեկերին տված հարցազրույցը ցուցասրահում էր կազմակերպվել: Մատան այդ ժամանակ խոստովանեց. «Ինձ դուր է գալիս ժամանակակից արվեստը ու հատկապես փոփ-արտը: Հիանում եմ ստեղծարար մարդկանցով»:

Մատան շատ կարդալու սովորությունը Էստեբան Գրաներոյից է որդեգրել: Սիրելի հեղինակներին թվելիս առաջնահերթ տալիս է ամերիկացի Փոլ Օսթերի անունը, Բուկովսկու «Կապույտ թռչունը» անգամ արտասանել է հեռուստատեսությամբ: Խուանի սիրելի կինոնկարն էլ Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզումն» է: 

«Հանգստյան օրերին փորձում եմ քաղաքի մի նոր հատված ուսումնասիրել: Մետրո կամ ավտոբուս եմ նստում, շրջում եմ թանգարաններով, ցուցասրահներով ու կարևոր շինություններով»,- խոստովանել է Մատան, երբ դեռ խաղում էր «Չելսիում» ու ապրում Լոնդոնում:

Մանչեսթեր տեղափոխությունը շատ բան չփոխեց։ Հիմա էլ Մատան պատրաստ է ֆուտբոլ խաղալ ու մի քանի ժամ այգում անցկացնել: Միայն թե մեկ երազանք է ավելացել՝ տեղացի աստծո՝ Էրիկ Կանտոնայի հետ սրճարան գնալ։

Նա անընդհատ բարեգործական ծրագրերի է մասնակցում: Սուրբ Ծննդին Մատան այցելել էր չքավոր ընտանիքների երեխաների կացարան և նվերներ բաժանել: 

Վերջերս Մատան ելույթ ունեցավ «Player’s Tribune»-ում: Նա վատ սովորություններից ձերբազատվելու փորձ չունի, դրա համար հիշեց Չեմպիոնների լիգայի մյունխենյան եզրափակիչը, ապա խոսեց պապի մասին: Վերջինս թոռան խաղերը բաց չէր թողնում: Վերջին անգամ շփվել էին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր «Սենթ Էտյենին»: Հիվանդ պապը ցածր ձայնով նշել էր, թե ինչ հիանալի էր Խուանի՝ Հենրիխ Մխիթարյանին արած փոխանցումը: Այդ խաղից շատ չանցած Մատայի պապը մահացել է։ Ֆուտբոլիստը որոշ ժամանակ ամփոփվել է, ապա վերաիմաստավորել այն ամենը, ինչ ստացել է ընտանիքից ու ֆուտբոլից:

Դժբախտությունից ուշքի գալուց հետո Մատան սկսեց գումար փոխանցել «Ընդհանուր նպատակ» հիմնադրամին, որը ֆուտբոլային ծրագրեր իրականացնելու համար օգնություն է ցուցաբերում աշխարհի 80 երկրների: Ամռանը Մատան Մումբայում էր ու ֆուտբոլ էր խաղում հետնախորշերում ապրող երեխաների հետ: Նա ինքն իրեն խոստացել է, որ ինչ-որ բան պետք է փոխի: Խուանը կոչ արեց միանալ նաև մյուս ֆուտբոլիստներին, որպեսզի թեև չնչին, բայց միասնական ներդրումով օգնեն փոխել երեխաների ճակատագիրը: 

«Իմ թիմի համար փնտրում եմ մարզիչներ, ֆուտբոլիստներ, կին-ֆուտբոլիստներ, կարևոր չէ, թե որտեղից՝ Աֆրիկայից, Ասիայից, Ավստրալիայից: Պարտադիր չէ, որ թիմակիցներս լինեն, կարող են միանալ նաև նրանք, որոնց դեմ խաղացել եմ, կամ նրանք, ովքեր բարձրագույն առաջնությունում ելույթ չեն ունենում: Ոչ միայն ֆուտբոլիստներ՝ գործակալներ, նախագահներ, ակումբներ ու նույնիսկ ֆեդերացիաներ»:

Մատայի ծրագիրն ընդհանրական է, նա չի կանգնելու և փորձելու է փոխել ֆուտբոլային աշխարհը. «Յուրաքանչյուր աշխատավարձի 1 տոկոսը․․․ Յուրաքանչյուր պայմանագրի, ակումբի հաշվի, գործակալի կամ ֆեդերացիայի, ուղղվելու է սոցիալական ծրագրերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում