«Բավարիան» կորցրել է երկու գոլի առավելությունը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրը մեկնարկել է «Բավարիա» – «Վոլֆսբուրգ» մրցավեճով:

Առաջին կեսում մյունխենցիները, ոչ այնքան տպավորիչ ֆուտբոլ ցուցադրելով, կարողացել են երկու գոլ խփել: Իր վաստակած 11-մետրանոցից չի վրիպել Ռոբերտ Լևանդովսկին: Քիչ անց Արյեն Ռոբենի հարվածից հետո անդրադարձ է եղել, սակայն գնդակը հայտնվել է դարպասում:

Երկրորդ կեսի սկզբնամասում «գայլերը» կրճատել են հաշվի տարբերությունը: Մոտ 30 մետրից Մաքսիմիլիան Արնոլդի ուժեղ հարվածից հետո սխալվել է վնասվածք ստացած Մանուել Նոյերին փոխարինած Սվեն Ուլրայխը:

Հետագայում Կարլո Անչելոտիի թիմը մեծ ուժերով առաջ է նետվել: Երկու անգամ Արյեն Ռոբենը և մեկ անգամ Ֆրանկ Ռիբերին հիանալի պահեր են ունեցել, սակայն վրիպել են:
Խաղավերջում Պոլ Վերհագի հիանալի փոխանցումից հետո փոխարինման մտած Դանիել Դիդավիի գլխով հարվածից հետո «Վոլֆսբուրգը» խուսափել է պարտությունից` 2:2:

Վաստակած միավորի շնորհիվ «Բավարիան» հավասարվել է առաջատար «Բորուսսիային» (13 միավոր), սակայն դորտմունդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: «Վոլֆսբուրգը» 6 միավորով 11-րդն է:

Բունդեսլիգա, 6-րդ տուր
«Բավարիա» – «Վոլֆսբուրգ»` 2:2
Գոլերը՝ Լևանդովսկի (33, 11մ), Ռոբեն (42) – Արնոլդ (56), Դիդավի (83)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում