Դարիո Սրնայի դոպինգ-թեստը դրական է եղել. նա դադարեցրել է կարիերան

Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայությունը հայտարարություն է հրապարակել, որում հաստատել է, որ թիմի ավագ Դարիո Սրնայի դոպինգ-թեստը դրական պատասխան է ունեցել: 2017 թվականի մարտի 22-ին` ոչ մրցումային օրը, խորվաթի օրգանիզմում արգելված դեղամիջոց է հայտնաբերվել:

«Հանքափորները» նշում են, որ այսօրվա դրությամբ 35-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառված չէ, սակայն ակումբի հետ խորհրդակցելուց հետո խաղացողը որոշել է դադարեցնել ելույթները: «Շախտյորը» հայտնել է, որ աջակցում է Դարիոյի որոշումը և վստահ է, որ նա կապացուցի իր անմեղությունը:

Միաժամանակ, Սրնան հերքում է միտումնավոր դոպինգ ընդունելու փաստարկը.

«Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի հակադոպինգային կենտրոնի կողմից տեղեկացվել եմ, որ 2017 թվականի մարտի 22-ին` ոչ մրցումային օրը, իմ հանձնած դոպինգ-թեստում արգելված դեղամիջոց է եղել: Հարկ եմ համարում հայտարարել, որ երբեք միտումնավոր կամ գիտակցաբար որևէ արգելված դեղամիջոց չեմ ընդունել, ինչպես նաև երբեք անօրինական կերպով չեմ փորձել մրցումներում առավելություն ստանալ: 

Պատրաստվում եմ ամբողջությամբ կենտրոնանալ իմ իմ անունն ու հեղինակությունը պաշտպանելու վրա: Այդ պատճառով որոշել եմ ժամանակավորապես դադարեցնել «Շախտյորի» կազմում ելույթներս, քանի դեռ իրավաբանական հետաքննությունը չավարտվի: Կապացուցեմ, որ կյանքում ամեն ինչին իմ արդար ջանքերի շնորհիվ եմ հասել: Հաշվի առնելով իրավանաբական գաղտնիությունը՝ այլևս այս հարցով մեկնաբանություն չեմ տալու»,- խորվաթի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում