Լա լիգա․ «Մալագան» դրամատիկ պայքարում առաջին միավորը վաստակեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում 5 անընդմեջ պարտություններից հետո «Մալագան» առաջին միավորը վաստակեց։ 6-րդ տուրում «Մալագան» «Լա Ռոսալեդա» մարզադաշտում հյուրընկալեց Բիլբաոյի «Ատլետիկին» և ոչ-ոքի խաղաց՝ 3։3։

Արդեն չորրորդ րոպեին հյուրերին առաջ մղեց Արից Ադուրիսը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, սակայն նախքան ընդմիջում Դիեգո Ռոլանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին Ինյակի Ուիլյամսը խփեց հյուրերի երկրորդ գոլը, իսկ երեք րոպե անց Զդրավկո Կուզմանովիչի հեռացման արդյունքում «Մալագան» մնաց 10 հոգով։

Թվային առավելություն ստացած «Ատլետիկը» 70-րդ րոպեին խփեց երրորդ գոլը՝ դուբլի հեղինակ դարձավ Ուիլյամսը։ Թվում էր՝ Բիլբաոյի թիմին ոչինչ չի խանգարի 3 միավոր վաստակել, սակայն «Մալագային» հաջողվեց խուսափել պարտությունից․ նախ 81-րդ րոպեին աչքի ընկավ Պոլ Բայսը, ապա 84-րդ րոպեին Ռոլանը դուբլ ձևակերպեց։

Այժմ «Մալագան» ունի 1 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկը» 8 միավորով 9-րդ տեղում է։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում