Ալիսթեր Քեմբել. Վան Նիստելրոյը ՄՅՈւ-ից հեռացել է Ռոնալդուի հետ կոնֆլիկտի պատճառով

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի քարտուղար Ալիսթեր Քեմբելն ինքնակենսագրական գիրք է հրապարակել, որում կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին իրեն հայտնի տեղեկություններով:

Մասնավորապես նա նշել է, որ «կարմիր սատանաների» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը 2006 թվականին թիմից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ կոնֆլիկտի պատճառով:

«Ալեքս Ֆերգյուսոնը Ռուդին խիստ եսակենտրոն էր համարում և չգիտեր՝ նրա հետ ինչ անել: Նրա զայրույթի վերջին կաթիլը դարձան Վան Նիստելրոյի խոսքերն այն մասին, որ Ռոնալդուն, ի դեմս Կարլուշ Կեյրուշի (Ֆերգյուսոնի այն ժամանակվա օգնականի-խմբ.), գտել է «նոր պապա»: Կրիշտիանուի իսկական հայրը մահացել էր ալկոհոլային կախվածությունից: Կարլուշը Ռուդին խնդրել էր ավելի հարգալից լինել, սակայն նա միայն քմծիծաղ է տվել:

Ավելի ուշ Վան Նիստելրոյը ներողություն էր խնդրել Կրիշտիանուից, բայց պորտուգալացին այն չի ընդունել: Երբ Ֆերգյուսոնն իմացել է միջադեպի մասին, հոլանդացուն տուն է ուղարկել, իսկ հետո կազմակերպել տրանսֆերը»,- Քեմբելի գրքի հատվածը մեջբերում է «Marca»-ն:

2006 թվականի ամռանը Վան Նիստելրոյը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: 2009 թվականի ամռանը Ռոնալդուն նույնպես միացել է «սերուցքայիններին», որից ընդամենը կես տարի անց հոլանդացին լքել է Իսպանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում