«Marca». «Ռեալը» կարծում է, որ ակումբի դեմ դավադրություն է կազմակերպված

Մադրիդի «Ռեալը» դժգոհ է Պրիմերայի մրցավարությունից և դրանում մեղադրում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF): «Marca»-ին հայտնի է դարձել, որ «Արքայական ակումբում» մրցավարների խիստ որոշումները կապում են կազմակերպված դավադրության հետ:

Մասնավորապես «սերուցքայինները» միտում են տեսնում Իսպանիայի սուպերգավաթի խաղում Կրիշտիանու Ռոնալդուի` մրցավարին հրելու համար 4-խաղյա որակազրկման (+1 կարմիր քարտի համար) մեջ: Բացի այդ, արդեն հասցրել են մեկական անգամ խաղադաշտից հեռացվել Սերխիո Ռամոսն ու Մարսելոն, ինչը մայրաքաղաքում նույնպես պատահական չեն համարում…

«Սերուցքայինները» մրցավարների անհանդուրժողականությունը կապում են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ձերբակալման հետ, ում դեմ «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել 2004 թվականի RFEF-ի ընտրությունների ժամանակ: Պերեսն այն ժամանակ պաշտպանել է Խերարդո Գոնսալես Օտերոյի թեկնածությունը:

Մադրիդում վստահ են, որ Վիլյարը ձերբակալությունից հետո նրա մոտակա աջակիցներ` «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ու «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարն ավելի հեղինակավոր են դարձել ու սկսել են «Ռեալի» դեմ լարել մրցավարներին:

Հիշեցնենք, որ Լա լիգայի մեկնարկային 6 հանդիպումներից հետո «Ռեալը» վաստակել է 11 միավոր և 7 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»: «Ատլետիկոն» 14 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում