Մատյո. Եթե «Բարսելոնային» գոլ խփեմ, կտոնեմ միայն Բարտոմեուի պատճառով

Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Ժերեմի Մատյոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման մասին: Ֆրանսիացին հաստատել է, որ լարված հարաբերություների մեջ է ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի ու մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի հետ:

««Բարսելոնայում» խաղալու ժամանակ ուժերս չէի խնայում: Ինձ հաջողվեց երեք տարի անցկացնել այդ ակումբում, որոնցից երկուսը բավականաչափ հաջողված էին, իսկ երրորդը ծանր էր: Պատճառը վնասվածքներն ու վստահության բացակայությունն էր:

Եթե հաջողվի գոլ խփել կատալոնացիներին, այն կտոնեմ միայն Բարտոմեուի ու Ֆերնանդեսի պատճառով: Նրանք ինձ շատ վատ էին վերաբերվում: Հարգում եմ «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստներին ու երկրպագուներին, սակայն ակումբի ղեկավարությունն ինձ դուր չի գալիս»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ «Սպորտինգ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում