Չեմպիոնների լիգա. Օրվա կենտրոնական խաղը «Ռեալի» սարսափի մարզադաշտում

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում այսօր կկայանա 8 հանդիպում: Կենտրոնական մրցավեճը կանցկացվի Դորտմունդում, որտեղ «Բորուսսիան» ընդունելու է «Ռեալին»:

Նոր «Բորուսսիան»

Ամռանը կատարված մարզչական անսպասելի փոփոխությունից հետո ռուրյան թիմի ղեկին Թոմաս Տուխելի տեղը զբաղեցրեց «Այաքսին» Եվրոպա լիգայի եզրափակիչ հասցրած Պետեր Բոշը: Հոլանդացուն զգուշացրել էին, որ թիմից հեռանալու է լավագույն ռմբարկու Պյեր Էմրիկ Օբամեյանգը, ուստի հարկավոր էր խաղը կառուցել երիտասարդ Ուսման Դեմբելեի շուրջ: Բայց հակառակը ստացվեց` «Օբաման» մնաց, իսկ ֆրանսիացին մարզումային բոյկոտի միջոցով տեղափոխվեց «Բարսելոնա», որտեղ նրան վստահվել է Նեյմարին փոխարինելու բարդ դերը:

Պետեր Բոշը պետք է գոհ մնա նման սցենարից, որովհետև ավելի հեշտ է թիմը կառուցել, երբ ակումբում սուպերռմբարկու կա, ով իր գոլերի շնորհիվ թույլ չի տա վատ արդյունքները խանգարեն երիտասարդների աճին:

Ընթացիկ մրցաշրջանը «Բորուսսիան» տպավորիչ է մեկնարկել: Բունդեսլիգայի 6 խաղում 15 միավոր, առաջին տեղ, 19 խփած ու 1 բաց թողած գոլ: Հաշվի առնելով «Բավարիայում» ներքին սկանդալները, թիմում մտահղացման կտրուկ նվազումը և սերնդափոխությունը՝ «Բորուսսիան» կարող է այս մրցաշրջանում գահընկեց անել մյունխենցիներին:

Գերմանացիների առավելությունը միայն արդյունքները չեն: Whoosored.com վիճակագրական կայքի սահմանած վարկանիշային միավորներով «Բորուսսիան» թոփ-5 լիգաներում առայժմ առաջին տեղում է՝ 7,33 միավոր: 

Բոշը չի փորձում քանդել Թուխելի ստեղծածը, ով գնդակի վերահսկմամբ հարձակվողական ոճ էր դավանում: Հոլանդացու թիմը ներկայումս թոփ-5 լիգաներում ամենաշատն է գնդակին տիրում (65,8 տոկոս): Նա նաև աշխատում է նոր խաղացողների զարգացման ուղղությամբ: Գերմանիայում բոլորին տպավորել է թիմի նորեկ Մաքսիմիլիան Ֆիլիպի խաղը, ով արդեն հասցրել է 4 գոլ խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: Վերջինիս ձեռք բերեցին, երբ Մարկո Ռոյսը հերթական ծանր վնասվածքը ստացավ:

Դեմբելեի հեռանալուց հետո մեկնարկային կազմում վերջնականապես հաստատվել է մեկ այլ եզրային հարձակվող` Կրիստիան Պուլիշիչը, իսկ ահա Նուրի Շահինը վերջապես վերաիմաստավորել է իր խաղը և դարձել ժամանակակից ֆուտբոլում մոդայիկ համարվող հենակետային-խաղարկողը:

Միակ սայթաքումը

«Բորուսսիան» միակ պարտությունը կրել է հենց Չեմպիոնների լիգայում: Լոնդոնում դորտմունդցիները 1:3 հաշվով պարտվել են «Տոտենհեմին»: Այդ խաղում Ռոման Բյուրկին մոռացել էր դարպասապահի ու մոտակա անկյան մասին ֆուտբոլային պատվիրանը: Երկու գոլերն այդպես եկան, իսկ 1:2 հաշվի ժամանակ մրցավարը չգրանցեց Օբամեյանգի «մաքուր» գնդակը: Արդյունքում` 1:3, սակայն խաղով գերմանացիներն  չզիջեցին անգլիացիներին:

«Ռեալի» զարմանալի մեկնարկը

«Արքայական ակումբը» Լա լիգայում իր հավակնությունների համեմատ սարսափելի է մեկնարկել: 6 խաղում 11 միավոր և – 7` «Բարսելոնայից»:

Վիճակագրությունն «ասում է», որ «սերուցքայինների» նման արդյունքը պատահական է: «Ռեալի» խաղերում Զիդան թիմի ու մրցակցի իրական գոլային պահերի հարաբերակցության հաշվարկում «Ռեալի» «սպասված միավորները» պետք է կազմեին 12,4 միավոր: Դա Պրիմերայում լավագույն արդյունք է, մեկով ավելի «Բարսելոնայից»:

Գրանդ ակումբները սովորաբար «սպասված միավորներից» զգալիորեն շատ են վաստակում, ուստի «Ռեալի» անհաջողությունները հիմնականում գոլային պահերը չիրացնելու հետ են կապված: Նախկինում նման խնդիրներ չկային…

Չեմպիոնների լիգայում «ապահոված միավորներ»

Ի սկզբանե պարզ էր, որ H խմբում փլեյ-օֆֆի ուղեգրի պայքարը ծավալվելու է «Ռեալի», «Բորուսսիայի» ու «Տոտենհեմի» միջև: Նման խիտ պայքարում այդ թիմերին հարկավոր է առաջին հերթին կորուստներ թույլ չտալ ԱՊՕԵԼ-ի հետ հանդիպումներում: Առաջին տուրում դա «Ռեալին» հեշտությամբ հաջողվեց:

Ի՞նչ սպասել դորտմունդյան խաղից

Զիդանի թիմին հարկավոր է արագ գոլ բաց չթողնել: Սցենարային մյուս զարգացումները, ամենայն հավանականությամբ, «Ռեալի» օգտին կլինեն: Ֆրանսիացի մասնագետն արդեն ապացուցել է, որ անհաժեշտության դեպքում կարող է երկրորդ համարով գործել ու սպասել մրցակցի սխալին: «Բորուսսիան», ինչպես նշեցինք, ներկայումս ամենաշատն է գնդակին տիրում, և նույնը կփորձի անել այսօր, սակայն նրանք խոցելի կդառնան հակագրոհների ժամանակ: Նման պարագայում կբարձրանա Բեյլի, Ասենսիոյի ու Վասկեսի արագության նշանակությունը:

Մյուս սցենարով` «Ռեալը» կփորձի առաջին համարով գործել՝ հատկապես հաշվի առնելով թիմում Մոդրիչի, Կրոսի ու Իսկոյի առկայությունը: Նման պարագայում նույնպես հայտնի չէ, թե «Բորուսսիան» ինչպես կարձագանքի, քանի որ այս մրցաշրջանում դեռ հակագրոհային ֆուտբոլ չի ցուցադրել: Միևնույն ժամանակ նրանց արագաշարժ հարձակվողների առկայության մասին նույնպես չպետք է մոռանալ:

Մեզ անկանխատեսելի ֆուտբոլ է սպասվում, որում սցենարային յուրաքանչյուր զարգացումը միայն ավելի հետաքրքիր է դարձնելու խաղը:

Դիմակայության վիճակագրություն

«Բորուսսիան» ու «Ռեալը» պատմության ընթացքում 12 պաշտոնական խաղ են անցկացրել: Դորտմունդցիները հաղթել են 3 անգամ, մադրիդցիները` 4: Գրանցվել է նաև 5 ոչ-ոքի: «Բորուսսիան» 16 գոլ է խփել, «Ռեալը»` 18:

Ուշագրավ է, որ «սերուցքայինները» Դորտմունդում երբեք չեն հաղթել: Վերջին տարիների ընթացքում իսպանացիները հասցրել են մեկ ոչ-ոքի խաղալ (2:2): Մինչ այդ տնային 3:0-ից հետո մոտ էին տապալմանը` 0:2, որի ելքը կարող էր ավելի ծանր լինել, եթե Հենրիխ Մխիթարյանը գրավեր անպաշտպան դարպասը, իսկ 2012 թվականին եղել է Ռոբերտ Լևանդովսկի պոկերը` 1:4:

Այսօր այդ անհաջող շարքին վերջ կդրվի կամ «Սիգնալ Իդունա Պարկը» վերջնականապես կդառնա «Ռեալի» սարսափի մարզադաշտը:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում