Ռոնալդուի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին», Քեյնի հեթ-տրիկը՝ «Տոտենհեմին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» երկրորդ հաղթանակը տոնեց մրցաշարի ընթացիկ խաղարկությունում։ 

Երկրորդ տուրում մադրիդյան թիմն առավելության հասավ Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ։ «Սիգնալ Իդունա Պարկում» կայացած հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին․ գեղեցիկ հարվածով հյուրերին առաջ մղեց Գարեթ Բեյլը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Բեյլի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց «սերուցքայինների» առավելությունը։ 54-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրճատեց հաշվի տարբերությունը։ Սակայն Պետեր Բոշի սաներին ավելին անել չհաջողվեց, իսկ ահա մադրիդցիները կարողացան վերականգնել երկու գնդակի առավելությունը․ 79-րդ րոպեին Ռոնալդուն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ Ուշագրավ է, որ «Ռեալը» նախկինում երբեք հաղթանակ չէր տոնել «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։

H խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԱՊՕԵԼ-ի դարպասը։ Լոնդոնյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։

Այս հանդիպումներից հետո «Ռեալն» ու «Տոտենհեմն» ունեն 6-ական միավոր, իսկ «Բորուսսիան» և ԱՊՕԵԼ-ը դեռ միավորներ չեն վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
H խումբ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։3
Գոլերը՝ Օբամեյանգ 54՛ – Բեյլ 18՛, Ռոնալդու 50՛, 79՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

ԱՊՕԵԼ – «Տոտենհեմ»՝ 0։3
Գոլերը՝ Քեյն 39՛, 62՛, 67՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում