Հեղինակավոր հաղթանակ կամ ինքնավստահության վերականգնում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի կենտրոնական խաղում այսօր մրցելու են «Պարի Սեն Ժերմենն» ու «Բավարիան»: Երկու թիմերն էլ երեքական միավորով առաջին տեղում են:

Հեղինակավոր հաղթանակի անհրաժեշտություն

ՊՍԺ-ն վաղուց է մոտեցել եվրոպական ֆուտբոլի գագաթին, սակայն ևս մեկ քայլ կատարելը և այնտեղ բարձրանալը շատ ավելի դժվար է, քան նրանք պատկերացնում էին: Դրա համար տարիներ են անհրաժեշտ: Լոկալ հաղթանակներին, օրինակ Ֆրանսիայի չեմպիոն դառնալուն, Եվրոպայում լուրջ չեն վերաբերվում: Հարկավոր է բացարձակ հաղթանակ հեղինակավոր մրցակցի նկատմամբ: Նախորդ մրցաշրջանում այդպիսին կայացավ «Բարսելոնայի» հետ փլեյ-օֆֆի առաջին խաղում (4:0), սակայն կատալոնացիների սուպերքամբեքից հետո «անհաջողակի» պիտակը նախկինից ավելի վառ ամրապնդվեց փարիզցիների անվան կողքին:

Այժմ լավագույն պահն է այն ջնջելու համար: Թիմում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն երեք խաղացողներից մեկը, աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն ու ևս 15-20 խաղացողներ, որոնք իրենց խաղային դիրքերում աշխարհում լավագույնների թվին են դասվում:

Ի՞նչը կարող է խանգարել

ՊՍԺ-ն ներկայումս աշխարհի միակ թիմն է, որը չէր ցանկանա` իր օգտին 11-մետրանոց հարված նշանակվեր: Նույնիսկ ակումբի ղեկավարության հայտարարություններից հետո, որ իբր Նեյմարի ուԿավանիի միջև կոնֆլիկտը հարթվել է, արևմտաեվրոպական ԶԼՄ-ներում մեկը մյուսի հետևից վիճաբանության նոր մանրամասներ են հայտնվում: Միայն ժամանակը կարող է մարել կրքերը, և հիմա նոր 11-մետրանոցային սկանդալ հարկավոր չէ: ՊՍԺ-ն մրցաշրջանը փայլուն է մեկնարկել․ հաղթանակներ, բազմաթիվ գոլեր, «նեյմարակենտրոն» խաղ: Նեյմար-Կավանի սկանդալից հետո նրանք միասին խաղադաշտ դուրս չեն եկել: Առանց բրազիլացու մայրաքաղաքային թիմը Մոնպելյեում առաջին կորուստներն ունեցավ (0:0): Եթե հաշտությունն իսկապես ամուր է, «Բավարիային» այսօր շատ լուրջ խնդիրներ են սպասում: Եթե ամուր չէ, ուրեմն «Բավարիային» «ընդամենը» խնդիրներ են սպասում:

Առանց Նոյեր կյանք չկա

Բոլորն էլ լսել են «դարպասապահը թիմի կեսն է» խոսքը: Այն ամբողջովին վերաբերվում է ներկայիս «Բավարիային»: Երբ գերմանացին խաղադաշտում չէ, անկախ նրա տեղը զբաղեցրած խաղացողից, մրցակիցները քառապատիկ վստահություն են զգում: Սկսում են հարվածներ հետևել հեռու տարածություններից, գրոհ են կազմակերպում ավելի մեծ ուժերով, իսկ երբ այսպիսի գոլեր են խփում, Գերմանիայի գլխավոր գրանդի նկատմամբ վախն նվազագույնի է հասնում:

Նոյերը չի խաղալու մինչև հունվար: Նրան փոխարինել է Սվեն Ուլրայխը, ով դարպասային գծի վրա կարող է հաջող գործել, սակայն այլ խաղային իրավիճակներում կայուն կերպով սխալներ է թույլ տալիս: Իրավիճակը չի փրկի նույնիսկ հրատապ կերպով կարիերան վերսկած Թոմ Շտարկեն, իսկ Նոյերին ապագայում փոխարինելու իրական թեկնածու համարվող Կրիստիան Ֆրյուխտլն ընդամենը 17 տարեկան է: ՊՍԺ-ի սուպերհարձակման դեմ կարող էր միայն պաշտպանության հաջող խաղը փրկել, սակայն այն նույնպես վերջին հանդիպումներում վտսահություն չի ներշնչում:

Ներքին տարաձայնություններ գերմանական հողում

Ներքին սկանդալների հարցում «Բավարիան» հետ չի մնում ՊՍԺ-ից: Վերջին շաբաթների ընթացքում մյունխենցիների շարքերում լուրջ առճակատում է գլխավոր ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկու և ակումբի ղեկավարության միջև: Պատճառը լեհի հարցազրույցն է, որում քննադատության է ենթարկվել «Բավարիայի» մի շարք քայլեր:

Բացի այդ, Թոմաս Մյուլերը դժգոհել է Կարլո Անչելոտիի կողմից իրեն հատկացված խաղային դիրքի պատճառով: Ֆրանկ Ռիբերիի հետ իտալացու հարաբերությունները վաղուց են լարված, իսկ երիտասարդներից իրական շանս միայն Յոսուա Կմիխին է տրվել: Անչելոտիին մշտապես մամուլի քննադատության տակ է և նույնիսկ նրա պես հանգիստ ու խաղաղասեր մարդը սկում է ափերից դուրս գալ:

Վիճակագրական առանձնահատկություններ

ՊՍԺ-ն ու «Բավարիան» գրեթե միշտ խաղում են առաջին համարով: Երկու թիմերն էլ թոփ-5 առաջնություններում ամենաշատ գնդակին տիրած ակումբների լավագույն հնգյակում են` 65 % – 61,9 %: ՊՍԺ-ն վերջին տարիներին ամենադիպուկ փոխանցումներ կատարողն թիմն է: Այս մրցաշրջանում ավանդույթը շարունակվում է (90,2 %): Նեյմարի ժամանելուց հետո կտրուկ բարձրացել է փարիզցիների խաբքերի միջին ցուցանիշը, որը «Բարսելոնայից» (15,7) հետո երկրորդն է թոփ-5 լիգաներում: Մեկ խաղում` 14,9 հաջողված խաբք: Նախկինում դրիբլինգը «Բավարիայի» գլխավոր զենքերից մեկն էր, իսկ հիմա նրանք Եվրոպայում 51-րդ տեղում են (մեկ խաղում` 8,2):

Անձնական դիմակայություն

ՊՍԺ-ն ու «Բավարիան» պաշտոնական խաղերում չեն հանդիպել արդեն 17 տարի: Նախկինում կայացած 8 մրցավեճերում, զարմանալիորեն, առավելությունը ֆրանսիացիների կողմն է` 4 հաղթանակ, 2 պարտություն: Գոլերի հարաբերակցությունը հավասար ` 8:8:

Ի՞նչ սպասել խաղից

Հաշվի առնելով մյունխենցիների խաղային խնդիրները, ամենայն հավանականությամբ, նրանք փորձելու են երկրորդ համարով գործել, որպեսզի կիսապաշտպաններն ավելի շատ օգնեն պաշտպանությանը, իսկ պաշտպանները դարպասապահին: Նման պարագայում «Պարկ դե Պրենսից» նույնիսկ մեկ միավոր տանելը կարող է հաջողություն համարվել:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում