Առաջատարի խոշոր հաշվով պարտությունը և չեմպիոնի կամային հաղթանակը (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 7-րդ տուրից հետաձգված երկու հանդիպումներ կայացել են այսօր:

Առաջատար «Շիրակը» Երևանում հյուրընկալվել է «Բանանցին» ու 0:3 հաշվով պարտություն կրել: Արամ Ոսկանանի թիմի կազմում հաշիվը բացել է Ալեքսանդր Ջոկովիչը (32-րդ րոպե):

Խաղավերջում մեկական անգամ աչքի են ընկել նաև Կուասի Սիբոն (82) և Նորայր Գյոզալյանը:

Զուգահեռաբար ընթացող մրցավեճում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ (փաստացի տնային` «Նաիրի» մարզադաշտում) 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ:

Առաջին կեսում (19) «Արարատին» առաջ է մղել Արգիշտի Պետրոսյանը: Միայն 77-րդ րոպեին է չեմպիոնը հավասարեցրել հաշիվը: 11-մետրանոց հարվածով աչքի է ընկել Արտակ Եդիգարյանը:

Ընդամենը երկու րոպե անց Աբրահամ Խաշմանանի թիմին առաջ է մղել Ուրոշ Նենադովիչը, իսկ վերջին րոպեին սերբը դուբլ է ձևակերպել:

7-րդ տուրից հետո «Շիրակը» 15 միավորով մնաց առաջին տեղում, սակայն «Ալաշկերտի» նկատմամբ առավելությունը նվազագույնի հասավ (14): «Բանանցը» երրորդ անընդմեջ հաղթանակից հետո արդեն 12 միավոր ունի ու երրորդ տեղում է: «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում