«Բավարիան» արտահերթ ժողով է հրավիրել. Անչելոտին` պաշտոնանկության եզրին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այսօր կարող է պաշտոնանկ արվել: Մյունխենյան ակումբն արտահերթ ժողով է հրավիրել, որում քննարկվելու է իտալացու պաշտոնանկության հարցը,- գրում է «Bild»-ը:

Ժողովը կայանալու է այսօր երեկոյան, երբ ակումբի բոլոր ղեկավարները վերադարձած կլինեն Փարիզից, որտեղ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի շրջանակում «Բավարիան» 0:3 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին:

Միաժամանակ ESPN-ը վստահեցնում է, որ 58-ամյա մասնագետի պաշտոնանկության հարցը արդեն որոշված է: Աչելոտիին ժամանակավորապես փոխարինելու է նրա օգնական Վիլի Սանյոլը, ով երկար տարիներ եղել է «Բավարիայի» աջ պաշտպանը:

Գերմանիայի առաջնությունում մյունխենցիները զբաղեցնում են երրորդ տեղը` մեկ միավորով զիջելով «Հոֆենհայմին» և երեքով` Դորտմունդի «Բորուսսիային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում