Արսեն Ջուլֆալակյան. Մրցաշարին մասնակցելու եմ մարզավիճակս գնահատելու համար

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տեւական դադարից հետո կրկին միջազգային գորգ կմտնի: Արսենը վաղը Ղազախստանում կմեկնարկի Բոլատ Տուլիխանովի մրցաշարում:

«Կարծում եմ՝ այս պահի համար լավ մարզավիճակում եմ, ինչն ավելի պարզ կերևա հենց մրցաշարում։ Մասնակցության նպատակը հենց դա է՝ հասկանալ, թե տևական ժամանակ մրցումներում հանդես չգալով ինչպիսի մարզավիճակում եմ այժմ և որտեղից պետք է սկսել արդեն հստակ պատրաստվել նոր մրցաշրջանին։

Դեռ վերջնական չեն ասել՝ ինչ կանոններով են անցկացվելու գոտեմարտերը, բայց անկախ դրանից պետք է հաղթել։ Չնայած, ցանկալի կլիներ, որ արդեն հաստատված նոր կանոններով անցկացվեր, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լիներ մեզ համար»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ջուլֆալակյանը։

Նշենք, որ Բոլատ Տուլիխանովի մրցաշարին մասնակցելու է նաև Սարգիս Քոչարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում