«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի». «Քաղաքայինները» լուրջ կորուստներ ունեն

Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Խաղից առաջ «քաղաքայինները» 3 լուրջ կորուստ ունեն:

Գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ ձախ պաշտպան Բենջամեն Մենդին երեկ վիրահատության է ենթարկվել: Ֆրանսիացին շարք է վերադառնալու 7 ամսից:  Աշխարհի ամենաթանկ պաշտպանը (57,5 միլիոն եվրո) ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել:

«Սթեմֆորդ Բրիջում» խաղադաշտ դուրս չի գա նաև Սերխիո Ագուերոն: Արգենտինացին Ամստերդամում ավտովթարի է ենթարկվել և կողոսկրի կոտրվածք ստացել: Նախապես տեղեկացվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պահանջվելու է երկու ամիս,- սակայն «Sky Sports»-ը գրում է, որ այն կկազմի մեկ ամիս:

Տուրի կենտրոնական խաղը բաց կթողնի նաև «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանին: Բելգիացին մոտ մեկ ամիս թիմի հետ չի մարզվել և պատրաստ չէ հանդիպմանը:

«Չելսիի» կազմում որակազրկված է Դավիդ Լուիսը, ինչպես նաև վնասվածք ունի Դենի Դրինկուոթերը, ով առայժմ նորամուտը չի նշել նոր թիմի կազմում:

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» մրցավեճը կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում