Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 1 տարով որակազրկել է 9 ֆեդերացիաների, որոնց թվում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում երեք և ավելի դրական արդյունք են ունեցել:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր հանձնաժողովը միաձայն որոշել է՝ այն հավաքականները, որոնք 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի երեք և ավելի դրական արդյունք են ունեցել, պետք է որակազրկվեն մեկ տարով»,- ասվում է կառույցի պաշտոնական հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից դրական արդյունք էին տվել Տիգրան Գ. Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի (2008թ.), Նորայր Վարդանյանի և կրկին Հռիփսիմե Խուրշուդյանի (2012թ.) դոպինգ թեստերը:

Այսպիսով, վերոնշյալ ֆեդերացիաները չեն կարողանա մասնակցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա, Անահայմ) կայանալիք աշխարհի առաջնությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում