Որքա՞ն է մեծ երկրպագուների ազդեցությունը խաղի արդյունքի վրա

Անընդհատ լսում ենք, որ ֆուտբոլում անչափ կարևոր է երկրպագուների աջակցությունը: Տեսնենք՝ այդպե՞ս է իրականում:

Ցանկացած ֆուտբոլիստի հարցրեք, թե խաղի վերջին րոպեին ի՞նչն է ստիպում հաղթել ու միևնույն պատասխանը կստանաք․ «Երկրպագուները: Նրանք են թիմին առաջ մղում: Առանց նրանց գլուխ չէինք հանի»:

Այսօր շատ է կարևորվում, թե ով է դաշտի տերը, բայց մի՞թե տարբերությունը մեծ է: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում վաղուց դաշտերը որակապես շատ չեն տարբերվում: Խաղից առաջ սեփական ինքնաթիռով տեղափոխվելն էլ բացառում է անհարմարության որևէ զգացումը:  Ստացվում է, որ սեփական դաշտում անցկացվող ու արտագնա խաղերի միջև միակ տարբերությունը երկրպագուների մեջ է: Իսկ որքա՞ն կարևոր է այդ գործոնը:

1888-ին անգլիական լիգայի ձևավորումից սկսած սեփական հարկի տակ գրանցվող հաղթանակները դանդաղորեն, բայց նվազեցին: 20-րդ դարի սկզբին սեփական դաշտում գրանցվող հաղթանակները 60% էին, հիմա՝ 40%: Արդեն անցած մրցաշրջանում դրանք 49% են կազմել:

Մե՞ծ է սեփական դաշտի ու օտար պատերի տարբերությունը: Բարդ է այս հարցին միանշանակ պատասխանել՝ հատկապես հաշվի առնելով, որ անգամ սեփական դաշտում ֆուտբոլիստները հաճախ վիրավորանքներ են լսում երկրպագուներից: Վիճակագրությունը փաստում է, որ սեփական դաշտում երկրպագուներն օգնում են 0.3 գոլ կամ 0.5 միավոր ավելացնել խաղին: Գիտությունն այս տեսակետն ապացուցել է։ ԱՄՆ-ի Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում զբաղվել են տեստոստերոնի համար պատասխանատու «անդրոգենային ընկալիչների» ուսումնասիրությամբ: Արու մկներին տարբեր հանձնարարություններ են տրվել ու պարզվել է, որ սեփական տարածքում ընկալիչները բռնկվել էին: Այլ կերպ ասած՝ գենետիկորեն ծրագրավորված կաթնասուններն իենց տարածքում ավելի լավ արդյունք են ցույց տվել։

«Մարզիկը հոգեբանորեն գիտակցում է, որ սահմանափակ տարածքում իրեն շատ մարդ է հետևում: Որքան մեծ է այդ գիտակցումը, մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստն այդքան լավ կխաղա: Չհիասթափեցնելու ցանկություն է առաջանում»,- ասում է մարզական հոգեբան Թոմ Բեյթսը:

Մթնոլորտի ազդեցությունը

Զգացողությունը, որ քեզ հետևում են, ծնվում է ենթագիտակցական մակարդակում։ Երկրպագուները դադար են վերցնում ստանդարտի կամ խոստումնալից գրոհի, խաղակեսի մեկնարկին: Ֆուտբոլիստների 30% -ն ընկալում է մարզչի նախախաղյա ճառը: Դադարի ժամանակ պետք է համագործակցել տրիբունաների հետ: Ձեռքի մեկ շարժումը շատ բան կարող է փոխել: Հետաքրքրիր է, որ ամենաշատն աշխատող ֆուտբոլիստներն ավելի հաճախ են աջակցության կարիք ունենում։

«Լիվերպուլի» նախկին պաշտպան և ավագ Ջեյմի Կարագերը կարծում է, որ տրիբունաների օգնությունն աշխատում է անգամ խաղից առաջ.

«Պատահում է, որ նախախաղյա մարզումից առաջ էլ ենք ստանում երկրպագուների աջակցությունը: Եթե մարզադաշտը լի է, մթնոլորտը՝ թեժ, հասկանում ես, որ դա կօգնի: Կասկած չկա, որ ազդեցիկ է: Լավ մթնոլորտն ու արագ գոլը թիմին ոգեշնչում են: Երկրպագուներն ազդեցություն են թողնում նաև մրցակցի ու մրցավարի վրա: Ջո Քոուլը պատմում էր, որ Չեմպիոնների լիգայի 2005 և 2007 թվականների կիսաեզրափակիչների ժամանակ չէր կենտրոնանում, քանի որ «Էնֆիլդում» երկրպագուները նրանց հանգիստ չէին թողնում: Նրանց վրա դա բացասաբար էր ազդել, մեզ վրա՝ դրական: «Չելսին» այդ ժամանակ ավելի ուժեղ էր, բայց տրիբունաներն օգնեցին ավելացնել մեր հնարավորությունները: Այդ քաոսն ընդունակ է ազդել ցանկացած մրցակցի վրա»,- ասում է Կարագերը։

Ազդեցությունը մրցավարի վրա

Տրիբունաների ազդեցությունն ավելի ակնհայտ չի եղել, քան «Բրիտանիա Ստեդիումում», որտեղ «Սթոք Սիթին» է հանդես գալիս: Դա Անգլիայի Պրեմիեր լիգայի միակ մարզադաշտն է, որտեղ երկրպագուների աղմուկը հասել է 100 դեցիբելի:

«Մեր բոլոր խաղերը, հատկապես Պրեմիեր լիգայում մեր առաջին մրցաշրջանում (2008-09թթ․) ասես եզրափակիչ լինեին»,– հիշում է թիմի նախկին հարձակվող Մամադի Սիդիբեն:

Այդ մրցաշրջանում «Սթոք Սիթին» սեփական մարզադաշտում ընդամենը 4 հպարտություն կրեց և խաղային տարին 12-րդ հորիզոնականում ավարտեց: Սեփական դաշտում առավելություն չունենալու դեպքում նրանք դուրս կմնային պայքարից, քանի որ արտագնա խաղերում ընդամենը 10 միավոր էին վաստակել:

«Երկու մետր հեռավորության վրա արդեն հնարավոր չէր լսել, թե թիմակիցդ ինչ էր փորձում ասել: Բարդ է նման մթնոլորտում չվախենալ: Միշտ կհիշեմ մեր դաշտում 2008-ի օգոստոսին «Ասթոն Վիլայի» դեմ խաղը։ Մենք հաղթեցինք 3:2 հաշվով, ու ես վերջին գնդակը խփեցի ավելացված րոպեներին: Նման պահերին երկրպագուների օգնությունը դժվար է թերագնահատել: Նրանք օգնեցին հավատալ մեր ուժերին։ Ցանկանում էինք արդարացնել նրանց վստահությունը: Մարզադաշտն ուղղակի պայթեց այդ գոլից հետո»,- պատմում է Սիդիբեն։

Սակայն տրիբունաները միայն ֆուտբոլիստների վրա չէ, որ ազդում են։ Մարզական գիտությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում նրան, թե երկրպագուները սեփական մարզադաշտում ինչպես են ազդում մրցավարների վրա: 2007 թվականին արված ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ամբողջ պատմության ընթացքում թիմերը սեփական դաշտում երկու անգամ քիչ դեղին ու կարմիր քարտեր են ստացել և երկու անգամ ավելի շատ հնարավորություն են ունեցել 11-մետրանոցի:

Իհարկե, որևէ մեկը չի մոռանում հակառակ դեպքերը: Օրինակ՝ «Օլդ Թրաֆֆորդ» ժամանած հյուրերը հազվադեպ են 11-մետրանոց վաստակել, քանի որ 90-ականների վերջերին և 2000-ականների սկզբին «Մանչեսթեր Յունայթեդը» երկրի լավագույն թիմն էր, իսկ մրցակիցները պարզապես նրանց տուգանայինին չէին մոտենում: Հասկանալի է, որ հարցը միայն մրցավարների մեջ չէ:

Մրցավարների վրա թողած ազդեցության մասին խոսելիս ամենից հաճախ հիշում են փորձը, երբ 40 մրցավար «դատեցին» 1999-ին «Լիվերպուլի»՝ «Լեսթերից» սեփական դաշտում կրած պարտությունը: Մրցավարների կեսը խաղին հետևեց տրիբունաների աղմուկի ներքո, մյուս մասը՝ առանց դրա: Ձայնի ուղեկցությամբ խաղին հետևածներն ավելի շատ «օգտակար եղան» դաշտի տերերի համար: Հետազոտողները եզրակացրին, որ մրցավարները ենթագիտակցորեն ավելի քիչ են պատժում սեփական դաշտում հանդես եկող թիմին, որպեսզի չենթարկվեն սթրեսի։

«Միայն իմ մասին կարող եմ ասել․ իմ որոշումներին տրիբունաները որևէ կերպ չեն ազդել: Ենթագիտակցորե՞ն։ Միգուցե․․․»,- հայտարարել է Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Ջեֆ Վինտերը: Նրա խոսքով՝ տրիբունաները նույնիսկ հակառակ ազդեցությունն են ունենում:

«Եթե մրցավարն ագրեսիվ տրիբունաների առկայությամբ է աշխատում, հատկապես, եթե բախումներ արդեն եղել են ակումբի հետ, ապա նա չի ցանկանում այնպես անել, ինչպես բազմությունն է ցանկանում: Խեղճ «Բոլթոնը» կարող է 50/50 որոշման վրա հույս դնել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն իմ մասին երգեր են երգում»,- ասում է Վինտերը։

Աղմուկի պատ

12-րդ խաղացողի հարցին գիտական մոտեցումն անսպասելի արդյունք տվեց: Սեփական դաշտում տրիբունաների ազդեցությունն այնքան մեծ կարող է լինել, որ մարզադաշտեր կառուցելիս ակուստիկան կարևոր բաղադրիչ է դարձել: Հիմա դա պակաս կարևոր հարց չէ, որքան զուգարանների քանակը, խոտածածկի որակը և շքեղ VIP հատվածները: «Տոտենհեմի» նոր արենան, որը բացման համար պատրաստ կլինի 2018-19թթ. մրցաշրջանում, դառնալու է ամենաղմկոտ մարզադաշտը։

«Ամեն դեպքում, այդպես է մտածված: Մենք մարզադաշտ ենք նախագծել, որը կօգնի լավագույն մթնոլորտն ապահովել: Դա ասես արվեստ լինի, որ ուղղված է օգնելու երկրպագուներին ու նպաստելու լիգայում ամենաաղմկոտը լինելու նրանց ձգտմանը: Տարիներ ենք վատնել, որպեսզի երկրպագուները հնարավորինս մոտ լինեն խաղին»,-պատմում է «Populous»-ի ճարտարապետ Քրիստոֆեր Լին:

Լիի խոսքով, ժամանակի անդրադարձի ու ձայնի մաքրության կատարյալ համադրություն է լինելու: Դրա համար աշխատանքներ են տարվել U2 խմբի ձայնային ինժեներների հետ, ովքեր օգնել են նախագծել տանիքն ու «որսալ» մարզադաշտի ներսի ձայնը:

«Աշխատել եմ նաև «Էմիրեյթս Ստեդիումի» կառուցման վրա: Սկզբում կարծում էի, թե Արսեն Վենգերն ավելի շատ կհետաքրքրվեր հանդերձարանների ձևավորմամբ, բայց նա հիմնականում քննարկեց մթնոլորտի հարցը: Նա կարևորեց ու հարցրեց վախեցնելու խնդրի մասին»,- ասում է Լին։

Նոր մարզադաշտի խնդիրները

Միահարկ մարզադաշտերը շարունակում են պահանջված մնալ Դորտմունդի «Բորուսսիայի» հայտնի «դեղին պատի» կամ լիվերպուլյան «Կոպի» շնորհիվ: «Տոտենհեմի» նոր հարավային տրիբունան ևս ձգտում է կրկնել ազդեցությունը, որ մարզադաշտերը թողնում են ֆուտբոլիստների վրա:

«Հարցը հոգեբանության մեջ է: «Կոպը» ընդունակ է գոլ կորզել: Երբ խաղում ես, ավելի շատ ես հավատում քո հաջողությանը, եթե շարժվում ես նրա ուղղությամբ: Միևնույն ժամանակ, տրիբունաները պաշտպանելով՝ քեզ ավելի վստահ ես զգում:

Նույնը նաև արտագնա խաղերին է վերաբերում: «Օլդ Թրաֆֆորդում» պաշտպանում էի «Սթրեթֆորդ Էնդը» ու հասկանում էի, թե որքան են ցանկանում գոլ խփել իրենց երկրպագուների առաջ: Նման բաները չպետք է մեծ ազդեցություն ունենան խաղի վրա, բայց դրանց ազդեցությունը թերագնահատել չի կարելի»,- հիշում է Կարագերը:

Հիմա «Տոտենհեմի» ֆուտբոլիստները լիահույս են, որ տրիբունաների ազդեցությանը չեն բախվի, ինչպես հաճախ տեղի է ունենում տեղափոխությունների ժամանակ: Հիշեցնենք, որ «Ուայթ Հարթ Լեյն» արենան ակումբի համար տան պես էր սկսած 1899-ից: Երբ «Արսենալը» 2006-ին տեղափոխվեց «Հայբերից», երկար ժամանակ «այն մթնոլորտի» բացակայությունը համարում էին նոր տրիբունաների մեղավորությունը:

«Անցյալին վարդագույն ակնոցով չեմ նայում։ «Հայբերին» հենց այնպես չէ, որ գրադարան են անվանել»,-հիշում է «Արսենալի» երկրպագու Ռայմոնդ Հյոռլին:

Հյոռլին «RedAction» խմբի անդամներից է։ Խումբը 2003-ին է ստեղծվել ու նպատակ ունի ձևավորելու 12-րդ խաղացողի լավագույն օրինակը:

«Մենք վախենում էինք տեղափոխությունից, բայց ձայնը հիասքանչ էր: Ակումբը հիանալի որոշում կայացրեց բոլոր աղմկոտ երկրպագուներին մոտ նստեցնելով: Մթնոլորտը դրանից մեծապես շահեց: Հիմա մեր ազդեցությունը նվազել է ու մեր հասցեին նախատիք ենք լսում: Ինքներդ մտածեք՝ 40.000 անդամատոմս ունեցող գալիս է խաղը դիտելու և նստում լռություն պահպանելով: Մարդիկ 10 րոպե շուտ են հեռանում, որպեսզի խուսափեն մետրոյի կուտակումներից ու դա այն դեպքում, երբ 3:0 հաշվով հաղթում ենք «Մանչեսթեր Յունայթեդին»: Ֆուտբոլիստներին պետք է ծափերով ճանապարհեին լավագույն արդյունքի համար, բայց արդյունքում եզրափակիչ սուլիչից հետո կիսադատարկ մարզադաշտն էր նրանց սպասում:

Ի՞նչ կարող է անել ակումբը: Աղմկում են միայն, երբ հաղթում ենք: Դանդաղ սկիզբ ու տրիբունաները լռում են, ինչն իր հերթին ֆուտբոլիստներին ստիպում է նյարդայինանալ ու հազվադեպ ռիսկի դիմել: Մենք ամեն խաղում հաղթելու իրավունք չենք գնել, բայց արժանի ենք, որ ֆուտբոլիստները պայքարեն»,- ասում է Հյոռլին։ 

Սառեցնել տրիբունաները

Իսկ ի՞նչ ազդեցություն են ունենում ֆուտբոլիստների վրա երկրպագուների սուլոցները։

«Դա միայն բարկացնում է մեզ ու գոհացնում հյուրերին: Խաղը կարող է հուսահատեցնել, բայց սուլոցը պատասխան չէ: Երբ երկրպագուներն աջակցում են իրենց թիմին, դա ոգեշնչում է»,- հիշում է Սիդիբեն:

Երբեմն տրիբունաները թիկունք են դարձնում ընդամենը մեկ խաղացողից: Երբ Ֆրենկ Լեմպարդն առաջին քայլերն էր կատարում «Վեսթ Հեմում», նա հաճախ վիրավորանքներ էր լսում սեփական երկրպագուներից: Վերջիններիս դուր չէր գալիս, որ նրա հայրը գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի օգնականն էր, ով էլ Լեմպարդի հորեղբայրն էր:

«Նորմալ է, երբ արտագնա խաղի ժամանակ վիրավորանք ես լսում, բայց սեփական դաշտում նման բան չես սպասում: «Գնա, քնիր հորդ հետ» խոսքերն էլ եմ լսել: Բանը նրան հասավ, որ ինձ համար իսկապես բարդ էր նստել պահեստայինների նստարանին, հետո ինքս էլ խաղալ չէի ցանկանում»,- ինքնակենսագրականում գրել է Լեմպարդը:

Հենց այդ պատճառով էլ մարզական հոգեբանները խորհուրդ են տալիս հույսը չդնել երկրպագուների վրա, ովքեր ուղղակի չեն կարող տեստոստերոնի կայուն աղբյուր լինել: Հոգեբան Թոմ Բեյթսը վստահ է, որ խնդիրը կարելի է լուծել աշխատելով, ոչ թե երկրպագուների վրա հույս դնելով:

«Այստեղ հակասություն կա։ Այս հարցը սև ու սպիտակ չէ: Չի կարելի հույս դնել միայն տրիբունաների վրա։ Երբեմն նրանք երգում են, երբեմն՝ լռում: Այդքան անկանխատեսելի բանի վրա էմոցիոնալ առումով հույս դնել պետք չէ»,- վստահեցնում է Բեյթսը։

Բարդ է բնութագրել երկրպագուների ազդեցությունը, բայց 12-րդ խաղացողն իսկապես կարող է ինչ-որ բան ավելացնել թիմի խաղին:

«Հարազատ պատերի առավելության 90%-ը հոգեբանական է: Դա հիանալի տարբերակ է երկրպագուների հետ մտերմանալու համար, քանի որ նրանք ասես հեռավոր բարեկամներ լինեն»,– եզրափակում է Բեյթսը:

Սզբնաղբյուր՝  Andrew Murray, FourFourTwo

Հետևեք մեզ նաև Telegram-ում