Արթուր Պետրոսյան. Դրական արդյունքի հասնելու համար պետք է վնասազերծենք Լևանդովսկուն

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Լեհաստանի ընտրանու հետ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին:

Պաշտպանության խնդիրների մասին

«Պաշտպանության խնդիրն անլուծելի է: Հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ բացակայում են: Սա հնարավորություն է մյուսների համար, որ արդարացնեն իրենց»:

Լեհաստանի հետ նախորդ խաղի մասին

«Այդ ժամանակ ես չէի մարզիչը, սակայն հանդիպումը դիտել եմ: Պարտավոր էինք միավոր վաստակել»:

Ռոբերտ Լևանդովսկուն վերահսկելու մասին

«Լևանդովսկուն վերահսկելը շատ դժվար է, բայց եթե ուզում ենք վաղը դրական արդյունքի հասնել պետք է վնասազերծենք նրան: Պետք է փոխօգնությունով խաղանք։ Եթե դա հաջող լինի, հնարավոր է ինչ-որ կերպ խանգարել նրան»:

Հավաքականում մնալու ցանկության և հնարավորության մասին

«Ավելի շատ առաջիկա երկու հանդիպումների մասին եմ մտածում: Միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացնեմ»:

Մոտիվացիա

«Տղաներին մոտիվացնելու կարիք չկա: Մենք այն թիմը չենք, որը շատ հաղթանակներ է տոնում, ուստի ցանկացած հաջողությունն ուրախանալու առիթ է ու առաջ քայլ է: Մեր ֆուտբոլիստները հաղթանակի կարոտ են»:

Նորեկներ

«Ինչպես գիտեք, պաշտպանությունում խնդիրներ ունենք, այդ պատճառով հրավիրել ենք «Շիրակի» պաշտպաններ Արտյոմ Միքայելյանին ու Ռոբերտ Դարբինյանին: Նրանք իրենց թիմի կազմում հաջող մրցաշրջան են անցկացնում:

Արտյոմ Սիմոնյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով միշտ լավ մարզավիճակում լինելիս հրավեր ստացել է: «Ալաշկերտում» մշտական ելույթներն օգնում են նրան:

Ցավում եմ Արթուր Սարկիսովի վնասվածքի համար: Հրավիրել ենք Գեղամ Ղադիմյանին, ով վերջին շրջանում արդյունավետ է գործում Ուկրաինայի առաջնությունում: Ընդհանուր առմամբ մեր հարձակման գիծը միակն է, որում խնդիր չունենք»։

Ազգերի լիգայի խմբերի կազմավորման համար որոշիչ դերի և ավելի թույլ խմբում միտումնավոր չհայտնվելու մասին

«Այո, պարտվելու դեպքում կհայտնվենք ամենաթույլ D խմբում, որտեղից ավելի հեշտ կլինի Եվրո-2020-ի ուղեգիր նվաճել, սակայն ես չեմ կարող միտումնավոր պարտվել դրա համար: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե որ խմբում կհայտնվենք: Լեհաստանը վերջին տասը տարվա իր լավագույն թիմն ունի և ինձ համար ավելի նախընտրելի է հաղթել այդ մրցակցին: Դա հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի: Բացի այդ, Ազգերի լիգան մեկնարկելու է մեկ տարուց և այդ մասին մտածելն անիմաստ է»:

Հավելենք, որ Ազգերի լիգայի խմբերը կազմվելու են ընթացիկ ընտրական փուլի հիման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում